Չէի պատկերացնում, որ Հայաստանում Հաղթանակի օրը նման ջերմությամբ են նշում. ՌԴ դեսպան

Հայաստանն ու Ռուսաստանը իսկապես մտերիմ են ոչ միայն պատմականորեն, այլև հոգևոր առումով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռուսաստանը գիտի և գնահատում է այն մեծ ներդրումը, որ հայ ժողովուրդն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Չէի պատկերացնում, որ այստեղ Հայաստանում այս տոնը նշվում է այսպիսի ջերմությամբ և խանդավառությամբ», – ասաց դեսպանը։

Կոպիրկինի համար սա ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ու Ռուսաստանն իսկապես մտերիմ են ոչ միայն պատմականորեն, քաղաքականապես և տնտեսապես, այլև հոգևոր առումով։

Փաշինյանը հրապարակել է իր երեխաների լուսանկարն ու շնորհավորել հայ ժողովրդին

«Եվ գուցե պատահական չէ, որ մեր պապերը կողք կողքի մարտնչել են մեր ապագայի համար։ Մենք գիտենք և գնահատում ենք այն մեծ ներդրումը, որը հայ ժողովուրդն ունեցել է ընդհանուր հաղթանակի հասնելու մեջ։ Ես այցելեցի «Մայր Հայաստան» թանգարան և ևս մեկ անգամ ֆիզիկապես ու էներգիայի մակարդակով զգացի, որ իսկապես հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, ժողովուրդ, որի վրա Ռուսաստանը կարող է հույս դնել», – ավելացրեց դիվանագետը։

Երկու երկրների հարաբերությունները, Կոպիրկինի գնահատականներով, լավ պատմական հիմք և դրական ներկա ունեն։ Նա համոզված է, որ այդ հարաբերությունները հետագայում ևս հաջող զարգացում կունենան։