«Ալաշկերտը»՝ գավաթակիր. մադամ Ֆորտունան ժպտաց Խաշմանյանին և շեղ նայեց Արթուր Պետրոսյանին

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը՝ 1:0 հաշվով հաղթելով «Լոռիին»: Դա նշանակում է նաև, որ վերստին Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նաև Եվրոպայի լիգային մասնակցելու ուղեգիր նվաճեց:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Չնայած տարածված և անգամ Լոռու մարզի սահմանագծի ճանապարհային գրված «Դբա լավը» կարգախոսին, Հայաստանի գավաթի համար եզրափակիչ հանդիպումը «Լոռի» ակումբի համար հակառակ ընթացք ունեցավ:

Առհասարակ, ցանկացած երկրում գավաթի խաղարկությունը իր նշանակությամբ ֆուտբոլային երկրորդ մրցաշարն է: Հայաստանը բացառություն չէ: Սակայն դա չի նշանակում, որ գավաթային մրցաշարում չկա պայքար: Հակառակը՝ գավաթային հանդիպումները հաճախ շատ ավելի կրքոտ ու բուռն են ընթանում: Պարզապես ի տարբերություն չեմպիոնական մրցաշարի, գավաթը կարելի է նվաճել անհամեմատ քիչ մրցամարտեր անցկացնելով:

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խաղերի տոմսերը կլինեն մատչելի

Գավաթի խաղարկությունում «Ալաշկերտը» այս անգամ պայքարի մեջ մտավ քառորդ եզրափակիչից ու, հաղթելով երկու դիմակայություններում (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի), հասավ եզրափակիչ: «Լոռին» երկու հանդիպում ավել էր անցկացրել:

Եզրափակիչում արդեն լրիվ այլ հոգեբանություն է, այլ մոտիվացիա: Մրցող կողմերը շատ լավ հասկանում էին, որ վերջին խաղում հաղթանակը դա պատուհան էր դեպի Եվրոպա՝ վիճարկվում էր Եվրոպայի լիգայի ուղեգիրը: Ու դեպի ֆուտբոլային «եվրոպատուհան» տանող ճանապարհն անցնում էր մրցակցի դարպասի միջով:

Բարձրագույն խմբում չեմպիոնական մրցավազքից հետ մնացած «Լոռի» ակումբի համար սա վերջին շանսն էր՝ եվրոգավաթներից մեկին մասնակցելու համար: «Ալաշկերտը», որը դեռևս շարունակում է պայքարը չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու համար, եզրափակիչում հաղթելով, ապահովագրում էր իր մասնակցությունը եվրոգավաթների մրցաշարարեից մեկին:

Հենց այս գործոնները, որոշակի չափով ազդեցին թիմերի գործողությունների վրա: Լարվածության հետ մեկտեղ, կար նաև զգուշավորություն: Դրա վառ ապացույցը մինչև ընդմիջում մրցակիցների կատարած վտանգավոր հարվածների վիճակագրությունն է` 1 և 1: Խաղի ընթացքը հուշում էր, որ մեկ գոլը վճռական է լինելու այս խաղում: Այդպես էլ եղավ: Ընդ որում, այդ մեկ գոլն էլ անսպասելի «եկավ», կարելի է ասել՝ անկյունից դուրս թռավ ու…:

Արթուր Եդիգարյանը անկյունայինից միայն պտտեցրեց գնդակը դեպի դարպասը: Իսկ մնացածն արեցին «Լոռիի» ֆուտբոլիստները: Գնդակը դիպավ դարպասաձողին, հետո անդրադառնալով Սանդի Նգբեդեյից, հայտնվեց վանաձորյան թիմի դարպասում: Րոպեներ անց նույն ֆուտբոլիստը կարող էր խփել պատասխան գնդակը, սակայն հիանալի գործեց դարպասապահ Չանչարևիչը:

Ինչ էր տեղի ունենում հանդերձարանում «Ալաշկերտի» հաղթանակից հետո. տեսանյութ

Ի վերջո, լսվեց մրցավարի սուլիչի ձայնը, և զավեշտալի գոլը հաղթանակ բերեց «Ալաշկերտին», որը առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

Ինչ-որ տեղ պարզ էր, թե ինչ են ասելու թիմերի մարզիչները խաղի ավարտից հետո: Աբրահամ Խաշմանյանը, բնականաբար, ուրախ էր ու շնորհավորում էր իր ակումբի բոլոր ներկայացուցիչներին: Իսկ ահա Արթուր Պետրոսյանը ճնշված էր, ու հիմա դժվար է ասել` արդյոք նա կշարունակի՞ աշխատանքը «Լոռիում»: Համենայն դեպս, մարզիչը նշեց, որ մոտ օրերս կխոսի իր ապագա ծրագրերի մասին, ու ներողություն խնդրեց «Լոռիի» բազմաթիվ երկրպագուներից պարտության համար:

Անկասկած, «Ալաշկերտ» - «Լոռի» խաղի մակարդակը այն չէր, ինչ ցանկալի էր տեսնել: Բայց առայժմ սա է մեր ֆուտբոլի մակարդակը: Թիմերը արագ չէին գործում ու հիմնականում մտածում էին սեփական դարպասը գնդակ չընդունելու մասին: Հարձակման գծում ուղղակի բացակայում էին խաղը սրող փոխանցումներն ու, ամենակարևորը՝ դիպուկ հարվածները:

Գնդակ բաց թողնելուց հետո «Լոռիի» խաղային կարգապահությունը տեղի տվեց ու խաղը մի փոքր աշխուժացավ: Բայց, միևնույն է, ինչ-որ այլ բան չտեսանք: Գոլը, որը վճռեց խաղի ելքը, չես ասի, թե ճնշման կամ առավելության հետևանք էր: Բայց, ինչպես ասում են` հաղթողներին չեն դատում, ու հաղթանակի օրվա նախօրեին հաղթանակը ուղեկցեց, եթե կուզեք՝ մադամ Ֆորտունան ժպտաց «Ալաշկերտին», նաև՝ Աբրահամ Խաշմանյանին և շեղ նայեց Արթուր Պետրոսյանին: