«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին խոսելիս` Փաշինյանը հասավ իմպոտենցիայի դեպքերին

Փաշինյանի խոսքով` գրքում արտառոց ոչինչ չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. 2017–ին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի գրանցվել, և դրանք ենթադրաբար տեղի են ունենում այն պատճառով, որ այդ երեխաները չեն հասկանում` ինչ է կատարվում։ Լրագրողների հետ զրույցում, ամփոփելով պաշտոնավարման 1 տարին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ կարծիք ունի վերջերս մեծ աղմուկ բարձրացրած Քերըն Ուիլթոնի «Իմ մարմինն անձնական է» գրքի մասին։

Նոր գրանտներն ու աղմուկները երաշխավորված են. բայց մարմնի ոչ անձնական մասեր կա՞ն

«Այդ գիրքը կարդացի, որ հասկանամ` սարսափելի բան կա՞, թե՞ չկա։ Գրքում արտառոց ոչինչ չկա։ Գրքում գրված է մայրիկս, հայրիկս, եղբայրս ինձ համբուրում են` նորմալ է ու լինում են դեպքեր, որ քեռին է ինձ համբուրում և դա ինձ այնքան էլ հաճելի չէ։ Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, որ երբ ուրիշ մարդիկ նրան համբուրում են, իրեն հաճելի չէ։ Բայց երեխան չգիտի չէ՞, որ երբ քեռու ընկերը կամ քեռու ընկերոջ ընկերը համբուրում է նրան` նորմա՞լ է, թե՞ նորմալ չի»,–ասաց վարչապետը։

Փաշինյանը բարձրացրեց նաև երեխաների, ինչպես նաև մեծահասակների սեռական կրթության հարցը։ Ըստ նրա` երեխաները պետք է սեռական գրագիտություն ունենան։ «Մեր երեխաները որտեղի՞ց են իմանում այդ ամենի մասին` թաքուն պոռնո կայքեր նայելո՞վ, փողոցի՞ց, բիսեդկայի՞ց։ ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է սեռական առումով գրագետ, և սա մեր ընտանիքների վրա ի՞նչ ազդեցություն ունի։ Մենք գիտե՞նք այս հարցերի պատասխանը, թե ուզո՞ւմ ենք Հայաստանը պահել վաղ միջնադարում»,–նման հարցեր բարձրացրեց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև իմպոտենցիայի դեպքերին` ասելով, որ դրանց մեծ մասն առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասի հետևանքով է։ Նրա խոսքով` հիմա կգտնվեն մարդիկ, որ կասեն` երկրի վարչապետը պարապ է մնացել, տեսեք` ինչ հարցերի մասին է խոսում։ «Եկեք ոչ մի բանի մասին չխոսենք»,–խոսքն ավարտեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն կազմակերպել էր «Իմ մարմինը անձնական է» գրքի շնորհանդեսը, որի ժամանակ սրճարան են մտել որոշ անձինք և ձվեր նետել միջոցառման մասնակիցների ուղղությամբ: