Խաչատրյանի խոսքով` աշխարհաքաղաքական իրավիճակը միշտ էլ մեծ ազդեցություն է ունենում տնտեսական իրավիճակի վրա։
«Հայաստանի տնտեսությանը ձեռնտու չէ Իրանի թույլ տնտեսությունը կամ Իրանի տնտեսությունում տեղի ունեցող բարդ իրադարձությունները»,– նշում է տնտեսագետը։
Նրա խոսքով` պետք է մեր ուժերը կենտրոնացնենք էներգետիկ ոլորտում ԵԱՏՄ-ի շրջանակում որոշակի դերակատարում ունենալու ուղղությամբ, մանավանդ որ ներուժ կա։
Խաչատրյանի խոսքով՝ տարբեր փորձագիտական գնահատականներ կան, և մենք մեր փաստացի պոտենցիալ հնարավորություններից 2,5-3 անգամ քիչն ենք սպառում․ արտահանելու և ԵԱՏՄ գործընկերին առաջարկելու բան ունենք։
Տնտեսագետը նշում է, որ Իրանի հետ վերջին շրջանում մեր առևտրատնտեսական կապերը այդքան ինտենսիվ չեն զարգանում։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմում է 260 միլիոն դոլար՝ 85 միլիոնը արտահանում ունենք դեպի Իրան, 175 միլիոն էլ ներմուծում։ Իրանը մեր փաստացի ներմուծման մեջ 10-րդ գործընկերն է, արտահանման մեջ` 5-ը։
Կառլեն Խաչատրյանը վստահեցնում է՝ մեծ ներուժ կա, որը կյանքի կոչելու համար կարևոր է, որ Իրանի տնտեսությունը համեմատաբար կայուն լինի, ցնցումներ չլինեն, որպեսզի մեր հնարավոր արտահանումը դեպի Իրան գոնե մոտեցնենք ներուժին։