ՀՀ արտգործնախարար. հպարտության զգացումը ինձ փոխանցվել է պատերազմին մասնակցած պապիցս

Մայիսի 9-ը ընդհանուր հաղթանակի և ընդհանուր անձնվեր աշխատանքի խորհրդանիշ է, շեշտել է Մնացականյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հպարտության զգացումը պատերազմին մասնակցած մարդկանց ընտանիքներում փոխանցվում է սերնդեսերունդ։ Այս մասին այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

«Մենք խոնարհվում ենք ֆաշիզմից և նացիզմից աշխարհն ազատագրելու գործում որոշիչ ներդրում ունեցած և միլիոնավոր մարդկանց ազատություն շնորհած մեր պապերի, մեր հայրերի հիշատակի առաջ։ Այս հաղթանակը նախկին Խորհրդային Միության և հակահիտլերյան կոալիցիայի երկրների բոլոր ժողովուրդների ձեռքբերումն է», – հայտարարեց նախարարը։

Այս հաղթանակը հնարավոր է դարձել մարտի դաշտում կերտած անմահ սխրանքի և թիկունքում իրականացված անձնազոհ աշխատանքի շնորհիվ։ Մայիսի 9-ը ընդհանուր մարտերի և ընդհանուր աշխատանքի հիշատակի օր է։ Հենց համախմբվածությունն օգնեց հաղթել ֆաշիզմին։ Սերնդեսերունդ փոխանցվում և պահպանվում  է ընկած հերոսների հիշատակը, փոխանցվում հերոսական պայքարի մասնակիցների անձնական հիշողություններն ու վերապրումները։ «Միավորման և փոխօգնության անգին փորձը պարտադրում է շարունակել համընդհանուր ջանքերը՝ հանուն խաղաղության և մեր ժողովուրդների անվտանգության»,- ավելացրեց նախարարը։

Վլադիմիր Պուտինը պարգևատրել է Էդուարդ Համբարձումյանին

«Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել Մեծ հաղթանակի առթիվ մեզ բոլորիս, բոլոր վետերաններին, ձեր ընտանիքներին և մերձավորներին, մաղթել քաջառողջություն և ամենայն բարին, շնորհակալ ենք ձեզ շատ։ Չեք պատկերացնում, որքան ուժեղ էներգիա է ձեզնից փոխանցվում մեզ` հաջորդ սերնդին», – հայտարարեց Մնացականյանը։

Այս պատմությունը նաև իր ընտանիքի և պատերազմ անցած իր պապի պատմությունն է։ Նման ոգու ուժով է համակված եղել նաև Մնացականյանի հայրը և այդ զգացողությունը փոխանցել որդուն, այնուհետև նաև թոռներին։

«Հաղթանակի այդ զգացողությունը փոխանցվում է սերնդեսերունդ, այն իսկապես համախմբում է մեզ։ Այն մեզ վստահության ոգի է ներշնչում նրանում, որ Հայրենիքի պաշտպանությունը մեծ պատիվ ու սխրանք է։ Շնորհակալություն ձեզ ևս մեկ անգամ, շնորհավորում եմ Հաղթանակի օրվա կապակցությամբ», – հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք՝ Հայաստանում մայիսի 9-ին նշվում է եռատոնը. Մեծ հայրենականի հաղթանակը, Շուշի հայկական հին բերդաքաղաքի ազատագրումը՝ 1992 թվականին և  Պաշտպանության բանակի ձևավորման օրը: