Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների. լուսանկարներ

Հանրապետության նախագահն ասել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթելն ու այդ հաղթանակը կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Կարևորելով շուրջ 75 տարի առաջ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը և վետերաններին շնորհավորելով այդ մեծ տոնի առթիվ՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հաղթանակն ու այն կերտողներին հիշելը բոլորիս պարտքն է:

«Առանց հիշողության որևէ ազգ չի կարող ապրել, առանց հիշողության որևէ պետություն չի կարող կառուցվել»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Նշելով մեր ժողովրդի անուրանալի ներդրումը՝ Հանրապետության նախագահն ասել է, որ հարյուր հազարավոր հայեր են մեկնել ճակատ՝ պաշտպանելու ոչ միայն Խորհրդային Միությունը, այլև իրենց հայրենիքը՝ Հայաստանը:

Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին առաջին անգամ հրավիրել են ԱԺ

«Մեր փոքրաթիվ ժողովուրդը մեծաթիվ զոհեր տվեց, բայց և տվեց բազում հերոսներ,-ասել է նախագահ Սարգսյանը:- Այդ ճակատը մեզ՝ հայերիս համար ոչ միայն հայաստանյան էր, այլև համազգային, որովհետև այն տարիներին մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը, անհանգստացած լինելով հայրենիքի ապագայով, իրենց ներդրումն էին բերում տարբեր երկրներում: Այսինքն մենք, լինելով փոքրիկ հանրապետություն Խորհրդային Միության կազմում, հսկայական ներդրում ունեինք պատերազմում հաղթանակի մեջ և՛ որպես Խորհրդային Հայաստան, և՛ որպես ազգ՝ կրկին ապացուցելով, որ գուցե և փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ ենք: Նույն զգացումը, վերաբերմունքը մենք ունեցանք Արցախյան պատերազմի ժամանակ, երբ կրկին աշխարհասփյուռ մեր ժողովուրդը, հայ ազգը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու Արցախի մեր հայրենակիցներին ու նրանց արդար պահանջը: Նույն ձևով, ընդամենը մի քանի տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ կրկին բոլորս միասին էինք»:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների. լուսանկարներ

Եվս մեկ անգամ շնորհավորելով վետերաններին մեծ հաղթանակի առթիվ և շնորհակալություն հայտնելով նրանց՝ Հանրապետության նախագահը բոլորին մաղթել է քաջառողջություն, երկար տարիների կյանք՝ կարևորելով վետերանների դերը սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության և պատմական հիշողության պահպանման ու այն հաջորդ սերունդներին փոխանցման գործում:

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մի խումբ վետերանների. լուսանկարներ