Զորակոչիկների ծնողները հայտնվել են մեղադրյալի աթոռին. «Ժողովուրդ»

Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք` չկատարելով խոստումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանում մայրերն անում են ամեն ինչ իրենց որդիներին ժամկետային զինծառայությունից ազատելու համար, ու հիմա մի շարք մայրեր կաշառք տալու համար հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը

«Հետաքրքիրն այն է, որ թեև նրանք փորձել են կաշառք տալով որդիներին ազատել զինծառայությունից կամ տեղափոխել հետագա ծառայության համար ավելի հարմար վայր, բայց վերջում խարդախության զոհ են դարձել: Անձը, որին տվել են այդ գումարները, յուրացրել է դրանք` չկատարելով խոստումը: Նշենք, որ կաշառքի չափը 2500 դոլարից մինչև 8000 դոլար է կազմել»,–գրում է թերթը։

Իրավապահները պարզել են, որ ոմն Նվարդ Օսիպյանը ՀՀ մի շարք քաղաքացիների ներկայացել է որպես բժշկական հիմնարկների, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչության աշխատակից և հավաստիացրել, որ կարող է մի շարք զորակոչիկների ազատել ծառայությունից։ Նա մայրերից գումարներ է վերցրել և չի կատարել խոստումը։ Մեղադրանք է առաջադրվել ինչպես այդ կնոջը, այնպես էլ նրան գումար փոխանցած մի շարք ծնողների։ Օրինակ` Սոֆյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել իր տղային` Կարեն Դավթյանին զորամասից հոսպիտալ տեղափոխելու և ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար Օսիպյանին 2500 դոլար կաշառք տալու համար։

«Նվարդ Օսիպյանի թիրախում հայտնվել են կոնկրետ մարդիկ։ Մասնավորապես Վարդան Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել,  որ նա որդուն` Թաթուլ Կիրակոսյանն ազատելու համար 2016 թվականին 6500 դոլար է կաշառք է տվել Նվարդ Օսիպյանին, սակայն նա խարդախությամբ հափշտակել է հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցրել»,– գրում է թերթը։

Թե ինչ որոշում կկայացնի դատարանն այդ մայրերի գործով, ցույց կտա ժամանակը: