Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան

Նախարարի խոսքով` դիակային փոխպատվաստման ողջ գործընթացը խիստ կանոնակարգված է լինելու։ Բացի այդ, մարդիկ կարող են նաև հրաժարվել իրենց օրգանները տրամադրել, ինչն օրենքով է ամրագրված լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը։ Այս մասին Sputnik Արմենիայի և «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նշենք, որ առողջապահության նախարարությունը Հայաստանում նախատեսում է առաջիկայում դիակային փոխպատվաստում սկսել։

Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան

«Փոխպատվաստման օրենքը վաղուց կա, պարզապես որևէ բան չի արվել համակարգը Հայաստանում ներդնելու համար։ Այսինքն` մենք ոչինչ չենք հնարել, բայց գտնում ենք, որ մարդկանց փրկելու համար պետք է նաև դիակային փոխպատվաստում իրականացնել։ Սա, իսկապես, տասնյակ կյանքեր է փրկելու։ Վստահեցնում եմ` դիակային փոխպատվաստման հետ կապված անհանգստանալու որևէ առիթ չկա, և ինքս էլ պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել»,–ասաց նախարարը։

Փրկել կյանք` մահից հետո. Հայաստանում դիակային փոխպատվաստում կիրականացնեն

Նրա խոսքով` դիակային փոխպատվաստման ողջ գործընթացը խիստ կանոնակարգված է լինելու։ Բացի այդ, ըստ նրա, մարդիկ կարող են նաև հրաժարվել իրենց օրգանները տրամադրել, ինչն օրենքով է ամրագրված լինելու։

Սակայն մինչև դիակային փոխպատվաստմանն անցնելուն` դեռ մի շարք անելիքներ կան։ Թորոսյանը նշեց, որ նախ պետք է ռեեստր ստեղծեն, վերապատրաստեն այն ԲԿ–ների բժիշկներին, որտեղից պետք է վերցվեն այդ օրգանները, ինչպես նաև նրանց, որոնք պետք է փոխպատվաստումներ իրականացնեն։ «Դիակային փոխպատվաստման առնչությամբ հնչող «մտահոգությունների» մեծ մասը գալիս է նրանից, որ Հայաստանում որոշ մարդիկ ամեն հաջորդ օրն ապոկալիպսիս են կանխատեսում։ Իսկ ես հույս ունեմ, որ առաջիկա 1-2 տարվա ընթացքում մեզ կհաջողվի ծրագիրը կյանքի կոչել` նախապատրաստված ու ապահովելով դրա թափանցիկությունը»,–ասաց նա։

Հենց այս պահին Հայաստանը դեռ պատրաստ չէ դիակային փոխպատվաստման. Պետրոսյան

Նկատառմանը, թե քաղաքացիների մտահոգությունը հիմնականում կախված է անընդմեջ շրջանառվող լուրերից, որ մի շարք առաջատար երկրներում օրգանների վաճառքի մաֆիա կա և ինչպե՞ս է Հայաստանում վերահսկողությունը կազմակերպվելու` Թորոսյանն արձագանքեց, թե շատ երկրներում տարբեր բացասական երևույթներ կան, այլ հարց է` մենք ինչ արդյունք ենք ուզում ունենալ և ինչի հասնել. «Դիակային փոխպատվաստում իրականացվում է Բելառուսում, ՌԴ–ում, Արևմտյան Եվրոպայի երկրներում, ԱՄՆ–ում... Սովորաբար դիակային փոխպատվաստման համար օգտագործվում են դժբախտ պատահարների հետևանքով մահացած քաղաքացիների օրգանները, մասնավորապես` գլխուղեղի վնասվածք ստացած մարդկանց օրգանները, քանի որ նրանց այլ օրգանները վնասված չեն լինում»։

Նա նշեց նաև, որ դիակային փոխպատվաստման մեկնարկից սկսած` պետությունն, ամենակարևորը, պետք է ապահովի այդ պրոցեսի թափանցիկությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 24–ին Հայաստանում առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում: «Աստղիկ» բժշկական կենտրոնում վիրահատել են 56 տարեկան մի կնոջ, ում համար դոնոր է հանդիսացել 20-ամյա դուստրը: Հայ մասնագետներին վիրահատությունն իրականացնելու համար օգնել են Մոսկվայի Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի մասնագետները։