«Իմ քայլը» մերժեց կատուներին ու շներին պաշտպանելու օրինագիծը. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ

ԱԺ մեծամասնությունը չցանկացավ քննարկել «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում» ԲՀԿ-ի առաջարկած փոփոխությունների նախագիծը: Օրինագծի հեղինակը խոստացավ չհանձնվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Թափառող շների խնդիրը մնացել է, չնայած հատկացված անհամար գումարների: Այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ներկայացնելով «Կենդանական աշխարհի մասին ՀՀ օրենքում» ԲՀԿ-ի առաջարկած փոփոխությունների նախագիծը:

Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց

«Ստերջացման կամ անվտանգ վայր տեղափոխելու փոխարեն թափառող շներն ուղղակի գնդակահարվել են, և սատկած շների մարմինները կարելի էր տեսնել ամենուրեք»,- ասաց Ուրիխանյանը:

Բացի այդ, նրա խոսքով` համացանցում այսօր բազմաթիվ են նման տեսանյութերը, երբ գնդակահարված ու արյունահոսող կենդանուն նկարահանում ու տարածում են: Նախագծի հեղինակն առաջարկում է օրենքում ամրագրել կենդանիների նկատմամբ զենքի կիրառման և անմարդկային մեթոդներով կենդանիների ոչնչացման բացառումը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովԻ նախագահ Վարազդատ Կարապետյանը, սակայն, իր ելույթում հիշեցրեց, որ օրինագիծը հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել:

«Կիսում ենք ձեր մտահոգությունն ու նկարագրածը, բայց այդ օրենքում տրամաբանական չէ այդ կետը ներառել, քանի որ այն միայն վայրի կենդանիներին է վերաբերում»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ իրենք նույնպես նման մեկ այլ օրինագիծ ունեն, որն այժմ քննարկում են շահագրգիռ կողմերի հետ, և ԲՀԿ պատգամավորներին հրավիրեց մասնակցել քննարկումներին:

Դրան ի պատասխան օրինագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Եթե գտնում եք, որ այդ լավ բանն անպայման դուք պիտի անեք, որ կատուներն ու շները ձեզ շնորհակալ լինեն, արեք: Ես նախագիծը շրջանառությունից չեմ հանելու: Դրեք, մերժեք իմ նախագիծը»:

ԱԺ-ն 65 դեմ ձայնով մերժեց Ուրիխանյանի` նախագիծը նիստի օրակարգում ներառելու առաջարկը: