Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են. Դուրյան

Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում 24 անչափահասի մոտ է սառը զենք և կռփազենք հայտնաբերվել, ապա այս տարի 41 անչափահասի մոտ են դրանք հայտնաբերվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Անչափահասների մոտ սառը զենք և կռփազենք կրելու տենդենց կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Անչափահասների հանցագործությունները Հայաստանում. ինչպե՞ս լուծել փոքրիկ «զեկ»–երի հարցը

«Անչափահասներն իրենց մոտ դանակ են կրում և կռփազենք: Եթե, օրինակ`նախորդ տարվա առաջին եռամսյակում 24 անչափահասի մոտ է սառը զենք և կռփազենք հայտնաբերվել, ապա այս տարի 41 անչափահասի մոտ են դրանք հայտնաբերվել: Մենք երեխաների հետ աշխատանքներ ենք տանում այս ուղղությամբ՝ տեղեկացնելով, որ անթույլատրելի է դրա կրումը»,-ասաց նա:

Դուրյանը հայտնեց նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում անչափահասների շրջանում անօրինական զենք կրելու դեպքերն էլ 5-ով ավելացել են: Նրա խոսքով՝ այն, որ ավելի մեծ թվով անչափահասների մոտ է հայտնաբերվել սառը զենք և կռփազենք, դա նաև ոստիկանության ծառայողների տարած աշխատանքների արդյունքն է:

Անդրադառնալով անչափահասների կողմից իրականացված հանցագործություններին՝ նա հայտնեց, որ այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրանց թիվը նվազել է: Դուրյանի խոսքով՝ 2018-ի առաջին եռամսյակում անչափահասների կողմից իրականացվել է հանցագործության 66 դեպք, իսկ այս տարի 62 նման դեպք է գրանցվել:

«Ավազակային հարձակման դեպք չի գրանցվել, իսկ նրանց կողմից կատարած խուլիգանության դեպքերը մեկով են ավելացել: Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը 16-ով նվազել են, իսկ ավագ դպրոցներում մարմնական վնասվածք հասցնելու դեպքեր չենք ունեցել»,-ասաց Դուրյանը:

Նա հավելեց, որ այս տարի ընտանիքում անչափահասների բռնության մեկ դեպք է եղել՝ նախորդ տարվա երկուսի փոխարեն: