Հայազգի գեներալ-լեյտենանտ Հարիգյանը կղեկավարի ԱՄՆ ՌՕ ուժերը Եվրոպայում և Աֆրիկայում

Գլխավոր հրամանատար նշանակված Հարիգյանի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայազգի գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Հարիգյանը ստանձնել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության ղեկավարումը. այս մասին հաղորդում է Air Force Times-ը:

Գլխավոր հրամանատար նշանակված Հարիգյանի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում:

Մինչ Հարիգյանի նշանակումն այդ պաշտոնը զբաղեցնող գեներալ Թոդ Ուոլթերը նշանակվել է ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարի տեղակալ:

Այս հայուհին ԱՄՆ–ում դարձել է առաջինը. ինչպես է Տեր–Վարդանյանը նվաճել ամերիկյան նավատորմը

Հարիգյանն ավարտել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ակադեմիան 1985թ.-ին որպես կործանիչ օդաչու: Նա ունի գրեթե 4100 ժամ թռիչք F-22, F-15C և այլ կործանիչներով, մասնակցել է Պանամա ներխուժմանն ու «Փոթորիկ անապատում» հայտնի գործողությանը:

Նախքան այս նշանակումը հայազգի գեներալը զբաղեցրել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալի պաշտոնը և նախկինում եղել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ օդային գործողությունների հրամանատար, ղեկավարել է ավիահարվածներ ընդդեմ Թալիբանի և Իսլամական պետության: