Երևանի փողոցներից մեկում հետիոտների համար անցում կլինի. մինչ այդ վարորդները դժգոհում են

Ճանապարհային ոստիկանությունը որոշել է լուծել հետիոտների անվտանգության հարցը, բայց մինչ փողոցում նշաններ տեղադրելը խնդիրներ է առաջացրել վարորդների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով հետիոտնային նոր անցում կգծանշի Միկոյան փողոցում։ Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության Facebook սոցիալական ցանցի էջում։

«Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցի (Եղվարդի խճուղի) Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում 2019թ. մայիսի 5-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ:

«Ասֆալտը բարձրացնում եք, լավ եք անում, բա գծանշումներն ու զգուշացնող նշաններն ինչի՞ միանգամից չեք դնում»,– ոստիկանության հրապարակած հաղորդագրությունը մեկնաբանել է  օգտատերերից մեկը։

Հայաստանում վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՃՈ պետը մանրամասներ է հայտնել

«Երեկ անհարթությունը կար, իսկ գծանշումներն ու ճանապարհային նշանները բացակայում էին: Մեքենաները գալիս, ջարդուխուրդ լինելով թռնում էին»,– գրել է մեկ ուրիշը։

Սանո Պետրոսյան անուն–ազգանունով օգտատերն էլ  առաջարկել է այդ հատվածում ոչ թե թումբ սարքել, այլ վերնանցում կառուցել։

Հիշեցնենք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է մայիսի 5–ից մի շարք փոփոխություններ կյանքի կոչել։