ՌԱԴԻՈ

Ինչու տարածվեց «հայկական ջոկատի» տեսանյութը. Պետրոսյանը քարոզչական դրսևորումներ է տեսնում

Օրերս լրահոսում շրջանառվեց մի տեսանյութ, ըստ որի, Սիրիայի քրդաբնակ հատվածում «հայկական գումարտակ» է ձևավորվել: Ի՞նչ «հայկական ջոկատի» մասին է խոսքը, ի՞նչ վտանգներ կարող է պարունակել նմանօրինակ դրսևորումը:
Sputnik

Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

Պետրոսյանի խոսքով` շատ մեղմ է նշել՝ «հայկական ջոկատ»:

Սիրիայում հայ մասնագետները ականազերծել են 25.290 քմ տարածք

«Այդ ապատեղեկատվությունը տարածողները խոսում էին շատ ավելի մեծաթիվ կազմավորման՝ գումարտակի մասին: Բայց պետք է միանգամից արձանագրել, որ սա ընդամենը քրդական քարոզչամեքենայի կողմից ապատեղեկատվության տարածում էր: Դա, բնականաբար, ունի իր նպատակները՝ հաշվի առնելով քրդական ուժերի շահերը, այն իրավիճակը, որ այսօր ստեղծվել է Սիրիայի քրդաբնակ շրջաններում, այն սպառնալիքները, որոնց օբյեկտիվորեն բախվել են շրջանը վերահսկող քրդական ուժերը»,– ասում է նա:

Արմեն Պետրոսյանը քարոզչական առումով հաշվարկված դրսևորումներ է համարում նաև այն, որ նշված ջոկատի մասին տեսանյութը տարածվեց ապրիլի 24-ին, ՀՀ դրոշի պատկերմամբ: Արաբագետի կարծիքով, ի լրումն ամենի, դա պարարտ հող է ստեղծում թուրքական ու ադրբեջանական քարոզչամեքենաների համար, միաժամանակ կարող է Սիրիայի հայությանը տարամետ ուժերի կողմից թիրախավորելու առիթ տալ:

Նրա խոսքով` կոնկրետ քրդական ուժերի կողմից «հայկական ջոկատի» հարց ներկայացնելը, ամենից բացի, նպատակ ունի ցույց տալ, թե միայն քրդերը չեն ձգտում ինքնավարության, այլ նաև տվյալ տարածքում ապրող մյուս էթնիկ խմբերը:

Սիրիայի Մեծ Մուֆթին շնորհակալություն է հայտնել Հայաստանին հումանիտար առաքելության համար

«Տեսանյութում պատկերված մարտիկները, պետք է նկատել, եղել են քրդական տարբեր կազմավորումների մեջ և ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների ու հատկապես Սիրիայի դեմոկրատական ուժերի շարքերում պայքարել են իսլամիստական ահաբեկչական ուժերի դեմ: Բայց երբևէ խոսք չի եղել հայկական առանձին մարտական ստորաբաժանում ձևավորելու մասին: Ակնհայտ է, որ նման քայլերը կարող են թիրախավորման հետևանք ունենալ Սիրիայի հայության համար:
Սիրիահայ համայնքը հակամարտության ողջ ընթացքում պահպանել է իր դրական չեզոքությունը, որի շնորհիվ էլ կարողացել է նվազագույն կորուստներով դուրս գալ իրավիճակից»,– ասում է արաբագետը։

Նրա խոսքով` բնական է, որ համայնքի պաշտոնական արձագանքի մեջ ընդգծվում է, որ Սիրիայի հայ համայնքի դիրքորոշումը միշտ եղել է միասնական Սիրիայի պահպանումը: