ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Գիտատեխնիկական առաջընթացի տեսանկյունից մայիսի 4-ը նշանավոր ամսաթիվ է: Օրինակ` համարվում է, որ 1715 թվականին Փարիզում հենց այդ օրն է արտադրվել առաջին ծալովի հովանոցը: Բայց շատ ավելի լուրջ ձեռքբերում նշենք. 1878 թվականի մայիսի 4-ին Թոմաս Էդիսոնը օպերայի դահլիճում առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր ստեղծած ֆոնոգրաֆը՝ ձայնը գրանցելու և վերարտադրելու սարքը:
Վերադառնալով հայրենի եզերք, մայիսի 4-ի հետ կապված, առաջինը կցանկանայինք նշել խեցեգործ, ձևավորող, նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանի (ծնվ. 1940թ.) ծննդյան օրը: Ճանաչված վարպետի խեցեգործական աշխատանքները, հարթաքանդակները, ստեղծագործություններ զարդարում ու յուրահատուկ շուք են հաղորդում բազմաթիվ կառույցների, ինչպես օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնն է կամ «Անի» հյուրանոցը, նաև նախկին «Դվինը»: Իսկ Վլադիմիր Աթանյանի և նկարիչ Ռուդոլֆ Գարգալոյանի համահեղինակությամբ ստեղծված «Էրեբունի-Երևան» հարթաքանդակը տեսել են բոլորը, ովքեր երբևէ անցել են մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող շենքի մոտով:
Ի դեպ, մայիսի 4-ին է ծնվել ամերիկահայ ռոք-երաժիշտ և դիջեյ Անդրանիկ «Էնդի» Խաչատրյան (ծնվ. 1975 թ.): Նա, ի լրումն ամենի, 1994-1997 թթ. եղել է «System of a Down» խմբի թմբկահարը:
«Ինչի՞ ենք սպասում, նոր ցեղասպանությա՞ն»․ Սերժ Թանկյանը կոչ է արել չայցելել Թուրքիա
Բրիգադային գեներալ Նարեկ Աբրահամյանն էլ է ծնվել մայիսի 4-ին, 1953 թվականին, Լիբանանի Անջար գյուղում: Նարեկ Աբրահամյանը պրոֆեսիոնալ զինվորական է, 1976-1990 թվականներին մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմին, 1990-1993 թվականներին ղեկավարել է Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գունդը, հետագայում դարձել է բրիգադի գեներալ, 1998 թվականին պաշտոնաթող է եղել: Բնութագրական է, որ դրանից անմիջապես հետո հայ գեներալը եկել է Հայաստան ու 1998-2000 թվականներին աշխատել ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Հերոս հայորդի Մուշեղ Մխոյանը՝ Վոժը (1951- 1991), որ «Միավորված ուժերի շտաբի» (ՄՈՒՇ) կազմավորման նախաձեռնողներից մեկն է և հրամանատարը, 1988-1991 թվականներին մասնակցել է ՀՀ Տավուշի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի շրջանների ինքնապաշտպանական մարտերին: Զոհվել է 1991 թվականի մայիսի 4-ին՝ Տավուշի մարզի Մովսեսգեղ գյուղի մատույցներում:
Կին, որի սիրտը մեր լեռներում է․ Արցախի մասին Կուլչիցկայայի նոր ֆիլմը ցնցող է
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Մուշեղ Մխոյանի շիրիմը Ծիծեռնակաբերդի բարձունքում է՝ Հիշատակի պատի մոտ:
Հերոսի անունն է կրում Երևանի թիվ 68 դպրոցը:
Աշխարհի անցուդարձին անդրադառնալով, նշենք, որ մայիսի 4-ը, օրինակ` Հրշեջների միջազգային օրն է, որ նշվում է 1999 թվականից:
Իսկ, օրինակ, Կանադայում, ապա և մի շարք երկրներում մայիսի 4-ին նշում են հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆիլմի օրը:
Անգլիայում էլ այս տարի «Ռոչեսթերի ծխնելույզ մաքրողների» փառատոնը մայիսի 4-ին է նախատեսված: Ի դեպ, Անգլիայում հիմա մի քանի հարյուր ծխնելույզ մաքրող կա, որքան էլ դա առաջին հայացքից տարօրինակ թվա:
Արժե նշել, որ 1904 թվականի մայիսի 4-ին, Անգլիայում Հենրի Ռոյսն ու Չարլզ Ռոլսն սկսեցին հանրահայտ «Ռոլս-Ռոյս» ավտոմեքենաների արտադրությունը:
Ի դեպ, հավելենք նաև, որ 1966 թվականին Թուրինում կնքվել է «Ֆիատ» ընկերության հետ արձանագրությունը, ըստ որի ԽՍՀՄ Տոլյատի քաղաքում սկսվել է ավտոգործարանի կառուցումը: Այո, խոսքը հայտնի «Ժիգուլի»-ների գործարանի մասին է:
Լոնդոնի դատարանը Ասանժին մեղավոր է ճանաչել. WikiLeaks–ի հիմնադիրը մնացել է կալանքի տակ
Այսօր, նկատենք, հարյուր միլիոնավոր երիտասարդների համար տոնական օր է. Չինաստանում նշվում է Երիտասարդության օրը:
Ինչ վերաբերում է մայիսի 4-ին ծնված հայտնի անձանց, ապա կցանկանայինք առանձին նշել 20-րդ դարի աշխարհահռչակ ու սիրված դերասանուհի Օդրի Հեփբյորնին (Audrey Hepburn), ում մասնակցությամբ «Հռոմեական արձակուրդներ» և «Ինչպես գողանալ միլիոն» ֆիլմերը տաղտուկը ցրելու հին ու փորձված միջոց են: Հիմա արդեն նման ֆիլմեր ոչ մեկ երևի չի նկարում:
Իհարկե, այսօրվա հետ կապված հիշարժան այլ իրադարձություններ էլ կան, բայց եթե ուզում եք հիշել, թե կոնկրետ անցած տարի ինչ դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում և աշխարհում, կարող եք սեղմել այս հղումը։