ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱՄՆ–ը փորձում է հետ չմնալ համաշխարհային գործընթացներից, ուստի Ռուսաստանից հետո առաջարկել է նոր հանդիպում կազմակերպել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով։ Քաղաքագետ Երվան Բոզոյանի կարծիքով, հաշվի առնելով Մոսկվայի և Վաշինգտոնի միջև մրցակցությունը, ամերիկացիները ցանկանում են որոշակի հավասարակշռություն պահպանել և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը հիշեցնել իրենց մասին։
«Բացի այդ միջնորդ երկրները` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի, հիմա փորձում են վերսկսել բանակցությունները, որոնք երկար ժամանակ կախված էին օդում։ Հայկական կողմը բազմիցս ասել է, որ բանակցություններ` որպես այդպիսին, չկան, այլ կան ընդամենը ինչ–որ քննարկումներ։ Բայց հիմա, երևում է, իրավիճակը փոխվում է», – նշեց Բոզոյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ–ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Բաքվում լրագրողներին ասել էր, որ Վաշինգտոնը կարող է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Վերջին անգամ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպել են Մոսկվայում ապրիլի 15–ին։ Հիմա ԱՄՆ–ում, հավանաբար, որոշել են, որ իրենց հերթն է։
Բոզոյանի կարծիքով` հակամարտության կարգավորման առաջարկվող տարբերակների առումով հազիվ թե մեծ տարբերություն կա Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև։ Հնարավոր է, ոչ մեծ տարբերություն կա շեշտադրումներում, բայց կարևոր է մեկ այլ բան` առաջատար ուժային կենտրոններից ով կարող է դիրքային գերակշռության հասնել դիմացինի նկատմամբ։
«Հաշվի առնելով տարածաշրջանում Մոսկվայի ավանդական դերը` ԱՄՆ–ը հիմա ցանկանում է այստեղ ակտիվացնել իր գործողությունները։ Ամերիկյան դիվանագետների գործողություններում այլ դրդապատճառներ չեմ տեսնում», – ասաց մեր զրուցակիցը։
Մեկնաբանելով բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության հնարավորությունը, ինչն արդեն երկար ժամանակ պնդում է պաշտոնական Երևանը` քաղաքագետը նշեց, որ տվյալ փուլում համանախագահները հազիվ թե համաձայնեն այդ պայմանի հետ` Ադրբեջանի անհաշտ դիրքորոշման պատճառով։
Պետք է նշել, որ, չնայած նոր հանդիպման մասին հաղորդագրություններին, ադրբեջանական կողմը վերջին օրերին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ինչպես շփման գծում, այնպես էլ Հայաստանի սահմանին։ Ապրիլի 30-ին Տավուշի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից վնասվածք էր ստացել պայմանագրային զինծառայող, իսկ ուրբաթ Արցախում ադրբեջանական ԶՈՒ թիրախ է դարձել հացի մեքենան։
Բոզոյանն այդ կրակոցները համարում է Բաքվի մարտավարության անքակտելի մասը. յուրաքանչյուր հանդիպումից առաջ սրել իրադրությունը` հասկացնել տալով միջնորդներին, որ ստատուս քվո պահպանելն անթույլատրելի է։
«Բաքուն ամեն անգամ հիշեցնում է միջնորդներին, որ հակամարտությունը պետք է «կարգավորել»։ Ըստ էության, 2014թ.–ի հուլիսից սկսած` հակամարտության գոտում աննշան փոփոխություններով պահպանվում է պայթյունավտանգ իրավիճակ», – նշեց Բոզոյանը։
Քաղաքագետի խոսքով` իրադրությունը մի քիչ հաջողվել է կայունացնել Դուշանբեում Փաշինյանի և Ալիևի հանդիպումից հետո, բայց այդ հանգստությունը չի ներառվում Ադրբեջանի երկարաժամկետ ծրագրերում։ Եվ նա աստիճանաբար ավելացնելու է լարվածությունը։