Հայաստանում վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՃՈ պետը մանրամասներ է հայտնել

Վարորդական իրավունքի քննության հարցերը զգալի կավելանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանում խստացնելու են վարորդական իրավունքի տրման կարգը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

«Հարցաշարի հարցերն ավելի են շատանալու, 600 հարց է, մոտենալու է 1000-ին: Հիմա բացառում ենք գումարով վարորդական իրավունք գնելու դեպքերը»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկինում կաշառքով գնած վկայականների հարցն ի՞նչ լուծում է ստանալու, արդյո՞ք վարորդները զրկվելու են այդ վկայականներից։

Ուշադրություն վարորդներին. երթևեկության որոշ կանոններ կփոխվեն, վարորդներին էլ կտուգանեն

«Եթե նախկինում նման դեպքեր եղել են, ապա համապատասխան ծառայությունները զբաղվել են, և համապատասխան մարդիկ պատասխանատվության են ենթարկվել, իսկ այդ մարդիկ էլ զրկվել են վարորդական իրավունքներից»,– ասաց պաշտոնյան:

Կարապետյանը խոսեց նաև տեսախցիկների մասին` նշելով, որ որևէ տեսախցիկ չի հանվել։

«Միայն սահմանված 68 կմ/ժամից ցածր արագություն ֆիքսող արագաչափերն են հանվել»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է գծանշումներին, ապա ՃՈ պետի խոսքով` այս տարի եղանակի անբարենպաստ լինելու պատճառով չեն կարողացել գծանշումներն ավելի շուտ անել։

«Ասֆալտի ջերմաստիճանը պետք է համապատասխան ջերմության լինի, որպեսզի ներկելուց հետո ներկը դուրս չգա»,– ասաց նա:

Ըստ Կարապետյանի` արդեն տասն օր է՝ գծանշման աշխատանքները սկսվել են, աշխատանքներն իրականացվում են գիշերային ժամերին: