Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունը կգործի նաև ԵԱՏՄ երկրներում. նախարար

Բիզնեսի հաշիվ–ապրանքագրերն ավելի հեշտությամբ կշրջանառվեն Եվրասիական միության տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունը կգործի նաև ԵԱՏՄ մյուս երկրներում, ինչն էապես կհեշտացնի առևտրային գործարքների կնքումը։ Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում. ԵԱՏՄ երկրների վարչապետների լուսանկարները

Նա հիշեցրեց, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի որոշումներից մեկի համաձայն` Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղըզստանի գործարարներն ու պետական մարմինները կկարողանան էլեկտրոնային ստորագրություններ օգտագործել ազգային ծածկագրային ստանդարտների համաձայն։ Դա կօգնի տնտեսվարող սուբյեկտներին ավելի հեշտ մասնակցել ռուսական և ղրղըզական պետական մրցույթներին։

Այժմ քննարկվում է նաև էլեկտրոնային կնիքների ստեղծման և համատեղ ճանաչման հնարավորությունը։ Դրանցով կնքած հաշիվ–ապրանքագրերն ու մրցույթի հայտերը ազատ կշրջանառվեն ԵԱՏՄ–ի` առայժմ վերոնշյալ հանրապետություններում։