Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, նրա ձայնը պիտի լսելի լինի. պաշտպան

Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով` Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ցանկանում է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը։ Այսօր դատարանում նա Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխել միջնորդություն ներկայացրեց։ Որպես գրավի չափ առաջարկվեց 10մլն դրամը։ Իր միջնորդությունը պաշտպանը մեկնաբանում է հետևյալ կերպ` Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը։

Մանվել Գրիգորյանն իր դատավարությանը կսպասի կալանքի տակ

«Մանվել Գրիգորյանն Արցախի հերոս է, ունի երեխաներ, որոնցից մեկն անչափահաս, տառապում է մի շարք հիվանդություններով»,–ասաց Բաղդասարյանը։ Նա առաջարկեց, որ իր պաշտպանյալն իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշումը հայտնի դռնբաց դատական նիստում, լրատվամիջոցների ներկայությամբ։ Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանը պետք է օգտվի իր՝ լսելի լինելու իրավունքից։

Գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի խոսքով` Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը հիմնավոր է։

Ըստ դատախազի՝ կալանավորման պարագայում է հնարավոր այս գործով ճիշտ և օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գրավն, ըստ նրա, չի կարող պատշաճ երաշխիք հանդիսանալ Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը ներկայումս գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Վատառողջ լինելու պատճառով նա չէր ներկայացել այսօրվա դատական նիստին։ Փոխարենը նիստին մասնակցում է Մանվել Գրիգորյանի կինը, նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք նաև, որ 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով, ԱԱԾ–ն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Գրիգորյաններին պատկանող առանձնատներում հայտնաբերել էր 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։Այս փաստով Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։