ՀՀԿ-ական գործարարը վաճառո՞ւմ է բիզնեսը. «Հրապարակ»

Կազմակերպությունից թերթին ասել են, որ նոր ներդրումային ծրագիր է, որի միջոցով ուզում են գլխաքանակ ավելացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան:

«Մոդայից հետ եմ ընկել». Սերժ Սարգսյանը ողջունել է ՀՀԿ անդամագրվելու դիմած երիտասարդներին

«Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրման», «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում. «Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»,–գրում է թերթը:

Մովսիսյանը չի հրապարակել «գործընկերոջ» անունը, նշելով, որ ոչ թե ֆերմայում նոր բաժնետեր է հայտնվում, այլ համագործակցության պայմանագրի հիման վրա են աշխատելու. «Բացումը լինելու է հրապարակային, կտեսնեք մեր գործընկերոջը: Ներդրումային ծրագիր է ներկայացրել, դա ֆինանսական տարբերակներից մեկն է, մենք հավանության ենք արժանացրել, համատեղ գործ ենք անում, վերջում մենք մեր հարաբերությունները կպարզենք»,–թերթին ասել է Մովսիսյանը։