Հայաստանի թղթադրամները հայտնվել են լավագույն հնգյակում

«Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթի 55 հավակնորդներից լավագույնն են ճանաչվել 5-ը, որից մեկը Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամներն են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. «Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA – International Association of Currency Affairs) կազմակերպած «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը - 2019» 14-րդ միջազգային մրցույթում ՀՀ թղթադրամների նոր՝ 3-րդ շարքը ներառվել է լավագույն հնգյակում և պարգևատրվել որպես մրցույթի ֆինալիստ: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

5000 դրամի դարձերեսին Բաղեշի 20-րդ դարի հայտնի համայնապատկերներից մեկն է. ԿԲ

«Մրցույթի ֆինալիստներն են ՀՀ կենտրոնական բանկը` թղթադրամների նոր շարքով, Ավստրալիայի պահուստային բանկը` նոր շարքի $50 թղթադրամով, Կանադայի բանկը` նոր շարքի ուղղահայաց $10 թղթադրամով, Մեքսիկայի բանկը` նոր շարքի 500 պեսո թղթադրամով, Նորվեգիայի բանկը` թղթադրամների նոր շարքով»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին։

Մրցույթին կարող են մասնակցել մրցույթի անցկացման տարեթվից 18 ամիս առաջ թողարկված թղթադրամները:

Այս տարվա մրցույթին մասնակցել են 55 հավակնորդ։

Նշենք, որ նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվեցին 2018 թվականի նոյեմբերի 22–ին` դրամի 25-ամյակի կապակցությամբ։ 1000 դրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000-ի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամին՝ Կոմիտասի նկարն է, 20 հազարին՝ Հովհաննես Այվազովսկու, և 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչն է: Բացի այս, շրջանառության մեջ է դրվել նոր՝ 2000 դրամ արժողությամբ թղթադրամ՝ հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի նկարով։