Գետի ափին, կամրջակներով. սահմանամերձ Բաղանիսը շատ շուտով նոր մանկապարտեզ կունենա

Կառավարությունը չեղարկել է դպրոցին կից մանկապարտեզ կառուցելու թույլտվությունը, իսկ նոր շենքը բոլորովին այլ տեղում է կառուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Սահմանամերձ Բաղանիսը նոր մանկապարտեզ կունենա, ավելին` հայտնի է արդեն բացման արարողության օրը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։

Գետի ափին, կամրջակներով. սահմանամերձ Բաղանիսը շատ շուտով նոր մանկապարտեզ կունենա

Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց Բաղանիսի դպրոցին կից մանկապարտեզ կառուցելու որոշումը չեղարկել, քանի որ հատկացված տարածքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի մոտ և խիստ ռիսկային է գնահատվում։ Խոսքը, սակայն, մանկապարտեզին հատկացված նախկին տարածքի մասին է, իսկ նոր տարածքում արդեն իսկ կանգուն է շենքը։

«2018–ին դիմել էինք կառավարություն` Բաղանիսի միջնակարգ դպրոցից տարածք հատկացնելու և մանկապարտեզ կառուցելու համար։ Կառավարությունը տվել էր իր համաձայնությունը, և տարածքը` որպես նվիրատվություն, հատկացվել էր համայնքին։ Սակայն հետո դոնորը` «Փարոս» հիմնադրամը, չհամաձայնվեց այդտեղ մանկապարտեզ կառուցել, քանի որ վտանգավոր տարածք էր։ Ու քանի որ տարածքը չծառայեց իր նպատակին, նորից դիմեցինք կառավարությանը, որպեսզի այն հետ վերադարձվի դպրոցին»,–ասաց Սահակյանը։

Պատերազմի և խաղաղության արանքում. սահմանամերձ Բաղանիսի կյանքն ու կռիվը` լուսանկարներով

Նա նշեց նաև, որ մանկապարտեզին հատկացված նախկին տարածքը դպրոցի ֆուտբոլի դաշտի հարակից տարածքն է` ազատ տարածություն։

Համեմատաբար ավելի անվտանգ տարածքում` գյուղի թիկունքային մասում էլ սկսել են կառուցել մանկապարտեզը, որի բացման արարողությունը նախատեսված է այս տարվա հունիսի 22–ին։

Բաղանիսում 2013–ից գործում է մանկապարտեզ, սակայն գյուղապետարանի առաջին հարկի սենյակներից մեկում է «տեղավորված»։ Այնտեղ 22 սան է հաճախում։

«Իսկ նոր շենքը կլինի բավականին գեղեցիկ և ճոխ։ Այն գետի ափին է գտնվում, և այժմ արդեն ներքին հարդարման աշխատանքների փուլում ենք։ Ունենալու ենք տաքացվող հատակով, դրսի խաղասրահով, կամրջակներով հիանալի մի կառույց»,– ասաց համայնքի ղեկավարը։

Բաղանիսի նոր մանկապարտեզը նախատեսված է 25 երեխայի համար։