Բաղանիսում մանկապարտեզ չի կառուցվի. տարածքը վտանգավոր է

Սահմանամերձ գյուղում մանկապարտեզ կառուցելը խիստ ռիսկային է։ Երեխաները կարող էին հայտնվել հակառակորդի նշանակետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղում մանկապարտեզ կառուցելու որոշումը մեկ տարի անց որոշվել է չեղարկել։ Նման որոշում է այսօր ընդունել ՀՀ կառավարությունը։

Հակառակորդը կրակել է Ոսկեպար-Բաղանիս միջպետական ճանապարհի ուղղությամբ

Բանն այն է, որ Բաղանիսում «Փարոս» հիմնադրամի և Հայկական կարմիր խաչի միջոցով մանկապարտեզ և ապաստարան կառուցելու համար կառավարության որոշմամբ 2018թ–ի մարտին հատկացվել էր հողամասը, կնքվել պայմանագիրը, որի համաձայն` պետք է  իրականացվեր 47 մլն դրամի ներդրում։

Բայց մեկ տարի շարունակ Բաղանիսում ոչ մի դրամ չի ներդրվել, ծրագիրը մնացել է թղթի վրա, քանի որ շինարարության համար հատկացված տարածքը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին մոտ և գնահատվում է խիստ ռիսկային։

Արդյունքում կառավարությունը ստիպված է ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումն ու նոր տարածք փնտրել սահմանամերձ գյուղի երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար։