Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց

Փաշինյանի համար ԲՀԿ–ի նախագիծն ընդունելի է, բայց նրա կարծիքով` պետք է այնպես անել, որ ծայրահեղությունների մեջ չընկնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում բավական լայն քննարկման արժանացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գաղափարն ընդունելի է, բայց կարևոր է ծայրահեղությունների մեջ չընկնել:

«Չափանիշները պետք շատ հստակ լինեն, որպեսզի այնպիսի իրավիճակի առաջ չկանգնենք, որ, օրինակ, մարդն իր բակում, ասենք, ծննդյան օրվա առիթով գառ մորթի, գնանք, քրեական գործ հարուցենք», - ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ համացանցում այսօր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ օրինակներ կան: Հիշեց նաև, որ նման դեպքերի ինքն անձամբ ականատես է եղել քրեակատարողական հիմնարկում:

Կալանք՝ ծիծաղելի տուգանքի փոխարեն. կենդանիների հանդեպ բռնությունը ՀՀ-ում քրեականացնում են

«Երբեմն կենդանիներին, օրինակ, հրաձգարանի զվարճանքի համար թիրախ են դարձնում, բազմաթիվ են դեպքերը», - ասաց վարչապետը:

Գործադիրի անդամներից շատերն էլ կենդանիների նկատմամբ բռնության դեպքեր հիշեցին։

ԱԻ նախարարը խոսեց տարիներ առաջ համացանցում հայտնված առյուծի ու ավանակի կենաց ու մահու պայքարի տեսանյութը: «Այստեղ ոչ թե ավանակին, այլ առյուծին էր պետք պաշտպանել»,– ասաց Ցոլակյանը։

«Առյուծն էլ իրավունքներ ունի, առյուծին էլ է պետք պաշտպանել»,– կատակեց վարչապետը։

Քննարկումը գուցե ավելի երկարեր, եթե Փաշինյանը կոչ չաներ «շատ չխորանալ»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագծին, կառավարության անդամները որոշեցին այն քննարկել հեղինակների ու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու համար։