«Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ». Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է հարցաքննության

Գործարար Սամվել Ալեքսանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Համլետ Ղուշչյանի հայտարարությունն իրեն առևանգելու ու սպառնալու մասին։ Ալեքսանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը հրավիրվել է Քննչական կոմիտե` հարցաքննության։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ–ից` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները։

Գործարար Սամվել Ալեքսանյանը ևս հաստատեց լուրերն այն մասին, որ իրեն քննչական մարմին են հրավիրել վկայի կարգավիճակով` հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի տված հաղորդման հիմքով հարուցված քրեական գործի շրջանակներում։

Սամվել Ալեքսանյանի մենաշնորհային դիրքը թուլացել է. որքա՞ն է նրա բաժինը շուկայում

Ինչ վերաբերում է Ղուշչյանի մեղադրանքին, թե Ալեքսանյանն իրեն առևանգել ու սպառնացել է, գործարարը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։

«Ես Ղուշչյանին ոչ մի առևանգում չեմ արել։ Ղուշչյանը հիվանդ է, հիվանդ։ Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»,– ասաց նա։

Հիշեցնենք, Համլետ Ղուշչյանը լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ Ալեքսանյանն իրեն առևանգել ու իր ճակատին ատրճանակ է պահել:

Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել էին ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու համար: Հեռուստամեկնաբանի հաղորդման հիմքով Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ։

Համլետ Ղուշչյանը հայտնել էր, որ «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են՝ հավելելով, որ ճակատին ատրճանակ է պահվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից։