Կին, որի սիրտը մեր լեռներում է․ Արցախի մասին Կուլչիցկայայի նոր ֆիլմը ցնցող է

Հեռուստալրագրող, վավերագիր Սվետլանա Կուլչիցկայան սանկտպետերբուրգցի այն ընկերներից է, որոնք եթե ընտրել են քեզ, ուրեմն դա ցմահ է։ Նա կրկին ու կրկին գալիս է Արցախ՝ սարերում ծվարած այս երկիր։ Այնտեղ, որտեղ նա կորցրել է ընկերներին, փրկվել Ստեփանակերտի գնդակոծությունների ժամանակ, հեռացել սարերը այն երիտասարդ տղաների հետ, որոնք ստիպված էին այդ ժամանակ զենք վերցնել։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik

Երկու տարի Սվետլանա Կուլչիցկայան աշխատել է նախագծի վրա, որը պետք է միավորեր անցած տարիների աշխատանքի արդյունքը ներկա արցախյան իրականության հետ։ Էկրանին պետք է համեմատվեին 1990-ականների ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանի կերպարները այն մարդկանց հետ, որոնք այսօր, ֆիլմի հեղինակի հետ միասին, հիշում են այդ ողբերգական, դրամատիկ օրերը. ահա աշխատանքն ավարտված է։ ՀՀ  վարչապետի աշխատակազմի  Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատվերով նկարահանված ֆիլմը հանձնվել է հանդիսատեսի դատին Ստեփանակերտում և Երևանում։

«Մոսկվա» կինոթատրոնում «Վերադարձը» ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո (սկզբից ֆիլմը ներկայացրել են Ստեփանակերտում) Սվետլանա Կուլչիցկայան շփվել է հանդիսատեսի հետ․ կարծիքների փոխանակում, շնորհակալություն լրագրողին 1992-1994թթ-ի և այսօրվա իրադարձություններն օբյեկտիվորեն լուսաբանելու համար։

Եվ հանկարծ ֆիլմի հեղինակն ասում է․ «Գիտե՞ք, զարմանալի է, որ այնտեղ՝ Ստեփանակերտում, ես չհանդիպեցի հիստերիկ-ազգայնական տրամադրվածություն ունեցող մարդու։ Պատերազմի ոչ մի կոչ։ Մարդիկ դիմացել են պատերազմին, պաշտպանել իրենց հողը, և հիմա աշխատում են այնտեղ, շենացնում, վերականգնում, մեծացնում երեխաներին։ Եվ ոչ մի հիստերիա, թշնամանքի ոչ մի կոչ»։ Համաձայնեք, որ դա թանկ արժե։

Հեղինակը, առհասարակ՝ ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմը տիտանական աշխատանք է կատարել։ Գտել են Կուլչիցկայայի «Ապրեք» («Живите»,  1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ․) ֆիլմերի հերոսներին, որոնք նկարահանվել էին այդ սարսափելի տարիներին, երբ, թվում էր, «Գրադի» և հրետանու համազարկերի տակ երկինքը փլվում էր բնակելի տների, մանկապարտեզների, հոսպիտալների վրա։ Վավերագրական կադրերում մահացել են մարդիկ, լացել ծերունիներ և երեխաներ, մեջքի հետևում թաքուն խաչակնքել է որդուն մարտի դաշտ ուղարկող մայրը, ամուսնու հետևից զենքը ձեռքից պատերազմ է գնացել կինը․․․

Ֆիլմում կերպարները շատ են։ Հավանաբար, 90-ականների սկզբին ռազմական գործուղումների ժամանակ շատ մարդանց հետ է շփվել, տեսագրել  բազմաթիվ իրական դրամաներ, հարցազրույցներ։ Եվ հիմա՝ 25 տարի անց, հաջողվել է գտնել նրանց։ Մի՞թե դա զարմանալի չէ։

Սվետլանա Կուլչիցկայան՝ պետերբուրգցի լրագրողն այդ տարիներին գործուղումների է մեկնել Արցախ, նկարել։ Հետո հետ է գնացել, մոնտաժել։ Եվ կրկին եկել է ու նկարել։ Հավանաբար ինչ-որ բան շատ է հուզել այդքան զգացմունքային և ազնիվ մարդուն։

Ավյունով լի, իր ոլորտի պրոֆեսիոնալ Կուլչիցկայան այդ ժամանակ ձգտել է և հիմա էլ փորձում է աշխարհին հասցնել ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել և տեղի է ունենում Արցախում։

Ինչպես են գոյատևել այդ մարդիկ։ Ինչպես են զենքը ձեռքերին ստիպված եղել պաշտպանել իրենց քաղաքները, գյուղերը և տները՝ չունենալով ո՛չ բանակ, ո՛չ նորմալ սպառազինություն։ Եվ ինչպես են նրանք այժմ կառուցում իրենց երեխաների, հաջորդ սերունդների ապագան։

Հենց դրա համար անչափ շնորհակալություն ընկերոջը, կնոջը, որն իր սիրտը թողել է մեր լեռներում։