Արցախում առաջիկա ընտրությունն ավելի բարձր մակարդակի կլինի, քան նախորդները. Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձություններն իրենց դրական ազդեցությունն են թողել նաև Արցախում ժողովրդավարության մակարդակի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Արցախում ժողովրդավարությունը շատ ավելի բարձր մակարդակում է, քան Ադրբեջանում։ Այսօր Հայաստանի խորհրդարանում, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Եվ դա արձանագրում են նաև միջազգային իրավապաշտպան կառույցները` Human Rights Watch-ը, Freedom House-ը, The Economist Unit-ը և այլն։ Բայց արդյունքը ո՞րն է։ Չկա որևէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, որ գործում է Արցախում։ Միջազգային կառույցներն Արցախում ծրագրեր չեն իրականացնում և այլն»,– ասաց Բեգլարյանը։

Այդուհանդերձ, Արցախի ՄԻՊ–ի համոզմամբ,. Արցախում ժողովրդավարության մակարդակի վրա դրական ազդեցություն են ունեցել նաև Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, որոնք, նրա դիտարկմամբ, դրական սպասումներ են առաջացրել նաև Արցախում։

Այս տեսակետից Բեգլարյանը վստահ է, որ Արցախում 2020թ–ին նախանշված ընտրությունն ավելի բարձր մակարդակով կանցնի, քան նախորդները։

Ադրբեջանի ճնշումների պատճառով ներդրողները հեռանում են Արցախից. Արցախի ՄԻՊ

«Դրական միտումներ կան, այդ թվում` նոր կուսակցությունների ձևավորման, դրանց ոչ ֆորմալ նախընտրական արշավների և այլ առումներով, որից կարելի է ենթադրել, որ միտումները դրական են, ու արդյունքներ էլ դրական են լինելու»,– ասաց նա։

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Արցախում 2020թ–ին կայանալիք նախագահական ընտրությանը։ Նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել են, որ պատրաստվում են ընտրական գործընթացներին։

Իսկ Արցախի հերոս Սամվել Բաբայանը ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջաններում, թեև ներկա պահին ունի քաղաքացիության հետ կապված խնդիրներ։