ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Առաջին դասարանցիների ընդունելության առցանց գրանցման համար ծնողները պետք է այցելեն stugum.emis.am կայք ու ստուգեն` արդյոք իրենց տվյալները կան համակարգում, թե ոչ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
2019-20 ուսումնական տարվանից սկսած` Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցման եղանակով։ Համակարգը կգործարկվի մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9։00-ին։
«Անհրաժեշտ է մինչև մայիսի 15–ը ստուգել` համակարգում կա արդյո՞ք ծնողի և երեխայի հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտի համարանիշը. խմբ.)։ Հնարավոր է` ձեզ մոտ եղած համարանիշն արդեն գործածությունից դուրս է եկել։ Խնդիրն այն է, որ տարիներ առաջ սոցիալական քարտը տրամադրում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ հետո այդ գործառույթը սկսեց կատարել ոստիկանությունը։ Սոցքարտերի բոլոր այն համարանիշները, որոնք վաղուց չէին գործածվել, ոստիկանությունը մարել է դրանք»,–ասաց Պողոսյանը։
Նա տեղեկացրեց, որ հանրային ծառայության համարանիշ հնարավոր է ստանալ անձնագրայինի ցանկացած բաժնից` անվճար և դիմում գրելուց հետո 10-15 րոպեի ընթացքում։
Բացի այդ, ըստ նրա, հնարավոր է, որ ծնողի և երեխայի հանրային ծառայության համարանիշը գրանցելուց հետո համակարգը ծնողի և երեխայի միջև կապը ցույց չտա, իսկ այդ դեպքում հնարավոր չի լինի գրանցել երեխային։ Սրա պատճառն էլ, Պողոսյանի խոսքով, այն է, որ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունն էլեկտրոնային տարբերակով գրանցում է երեխաների տվյալները, և այժմ հերթը հասել է 2013–ին ծնվածներին, որոնք այս տարի պետք է դպրոց հաճախեն։ «Նման խնդիր տեսնելուց հետո պետք է դիմել կամ ՔԿԱԳ կամ կրթության նախարարություն, և կարճ ժամանակահատվածում խնդիրն արդեն լուծված կլինի։ Մենք խնդրել ենք ՔԿԱԳ–ին, որպեսզի առաջիկա օրերին արդեն ավարտեն 2013–ին ծնվածների տվյալների մուտքագրումը»,–ասաց Պողոսյանը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն էլ նշեց, որ առցանց գրանցումը հավասարության խնդիրն է լուծում, քանի որ տարիներ շարունակ լինում էին «օլիգարխ» դպրոցներ, որոնց մոտ հունվար–փետրվար ամիսներին արդեն ընդունելության տեղ չէր լինում։
«Ի դեպ, երեխային հերթագրել կարելի է նաև բջջայինով. ըստ վիճակագրության` Երևանում բնակչության 95-98 տոկոսը բջջայինով մուտք է գործում ինտերնետ։ Բացի այդ, յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ ավագ դպրոց կլինի, որ եթե ծնողը չունի համակարգիչ կամ չգիտի դրանից օգտվել, նրան այնտեղ կօգնեն»,–ասաց նա։
Առցանց հայտագրման համար անհրաժեշտ է մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am ու հետևել հրահանգներին։ Երեխային գրանցելուց հետո անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում երեխայի փաստաթղթերը (կայքում ներկայացված է դրանց ցանկը) տանել դպրոց։ Եթե այդ ժամկետում փաստաթղթերը չներկայացվեն դպրոց, ապա հայտը կչեղարկվի։ Գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։