ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Թուրքիայի հայերի հարցը, որոնց այդպես էլ չեն կարողացել ձուլել, պետք է հայտնվի Հայաստանի տեսադաշտում։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում նման կարծիք հայտնեց «Արևմտահայոց ազգային համագումար միջազգային կազմակերպության» համանախագահ Արագած Ախոյանը։
Նրա խոսքով` Թուրքիայի հայերը վերջին տարիներին ազգային ինքնագիտակցության զարթոնք են ապրում, բազում ծպտյալ հայեր, սկսում են բացահայտորեն խոսել իրենց արմատների մասին։ Ախոյանը կարծում է, որ սա պետք է օգտագործել ու աջակցել հայրենակիցներին։ Նա հայտնեց, որ Մուշում վերջերս բացվել է, ըստ էության, առաջին հայկական կառույցը` «Տարոն–Մուշ–Տուրուբերան» հայրենասիրական միությունը։ Կազմակերպությունը նույնիսկ սեփական կնիք ունի։
Այս քայլի առանձնահատկությունն այն է, որ հայկական թեման Թուրքիայում տարիներ շարունակ տաբու է եղել։ Բայց հիմա կարծես սառույցը կոտրվել է։ Սակայն Թուրքիայի հայերը հայրենիքի` Հայաստանի կողմից նյութական ու գաղափարական աջակցության կարիք ունեն։ Իսկ հիմա նման աջակցություն չկա։
«Ցավոք, մենք հիշում ենք մեր կորցրած հայրենիքի ու մեր արմատների մասին տարին մեկ անգամ` ապրիլի 24–ին։ Թուրքիայի հայերը ամեն օր հիշում են դա։ Նրանք չեն վախենում հզոր պետական մեքենայի, ռեպրեսիվ ապարատի դեմ գնալ, նրանք իսկական հայրենասերներ են։ Իսկ մենք Հայաստանում բաժակաճառեր ասելու փոխարեն պետք է գործենք, պետք է օգնենք այդ մարդկանց», – ասում է Ախոյանը։
Օրինակի համար նա առաջարկում է Հայաստանի համապատասխան կառույցներին հնարավորություն տալ Թուրքիայի հայերին հայկական բուհերում սովորելու, կամ այնտեղ հայերենի ուսուցիչների ուղարկել և այլն։
Թուրքիայի տարածքում շատ ծպտյալ հայերի գոյությունը ժամանակի ընթացքում կարող է հզոր աշխարհաքաղաքական հաղթաթուղթ դառնալ Հայաստանի ձեռքում։ Ախոյանը խոստովանում է, որ այդ խաղաքարտն օգտագործելու Երևանի հնարավորությունները, մի շարք հանգամանքներից ելնելով, հիմա խիստ սահմանափակ են, բայց մշտական ու նպատակաուղղված աշխատանքը կարող է իր պտուղները տալ։
Հայրենասիրական միության ղեկավար ծպտյալ հայ Հայրեթթին Ասլանն իր հերթին հայտնել է, որ կառույցն իր առջև հստակ խնդիր է դրել պահպանել Թուրքիայում հայկական պատմամշակութային ու հոգևոր ժառանգությունը։ Ասլանը գրեթե հայերեն չգիտի, բայց դա չի խանգարում նրան հայ ժողովրդի մի մաս զգալ։ Ասլանը վստահ է, որ յուրաքանչյուր հայ պետք է գոնե տարին մեկ անգամ Արևմտյան Հայաստան այցելի, տեսնի իր պատմական հայրենիքը։