Ծաղկաձորի ճոպանուղին տարիներ շարունակ թաքցրել է հարկերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ տվյալներ է ներկայացրել Ծաղկաձորի ճոպանուղու գործունեությունն ապահովող ազգային օլիմպիական կոմիտեի ու հավատարմագրային կառավարումն իրականացնող ընկերության թույլ տված բացթողումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. 2005-17թթ–ի ընթացքում Ծաղկաձորի ճոպանուղին թաքցրել է իրական եկամուտներն ու պետական բյուջե տասնյակ անգամներ քիչ հարկեր վճարել։

Տեսնել և՛ Արագածը, և՛ Արարատը. Հայաստանում ուզում են յուրատեսակ ճոպանուղի կառուցել

Այսպես, ըստ դատախազության ներկայացրած տվյալների, պարզվել է, որ ճոպանուղին շահագործող ընկերությունները 2005-17թթ–ին հարկային մարմիններին 496 մլն ՀՀ դրամի շրջանառություն են ներկայացրել: Մինչդեռ միայն 2018թ. ճոպանուղու շրջանառությունը կազմել է 537 մլն ՀՀ դրամ, այսինքն`շուրջ 40 մլն ՀՀ դրամով ավել, քան նախորդ 12 տարիներին միասին վերցրած:

Բացի այդ ընկերությունը 2005-2017թթ. 12 տարիներին շուրջ 148 մլն ՀՀ դրամ հարկ է վճարել, իսկ միայն 2018թ–ին` 240 մլն դրամ։

Չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2005-2018թթ.–ին ճոպանուղու սպառած էլեկտրաէներգիայի ցուցանիշներում։

Այսպիսով` դատախազությունը հաշվարկել է, որ ճոպանուղու թաքցրած  հարկերի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 476 մլն. 465 հազ. ՀՀ դրամի վնաս։

«Ձեզ մոտ հրաշք է». ինչո՞ւ են եգիպտացիները Հայաստան գալիս, իսկ իրանցիներն էլ՝ սիրում այն

Դատախազությունը նաև հիշեցնում է, որ ՀԱՕԿ-ի և Ճոպանուղին շահագործող ընկերության միջև 15.12.2008թ. կնքված Ճոպանուղու հավատարմագրային կառավարման պայմանագրի համաձայն Ճոպանուղուց ստացված շահույթի 50 տոկոսը պատկանում է ՀԱՕԿ–ին։

Այս հանգամանքը հաշվի առնելով դատախազությունը նշում է, որ շահույթի իրական չափը թաքցնելու հետևանքով ՀԱՕԿ-ին ևս պակաս գումար է փոխանցվել, որի պատճառով ՀԱՕԿ–ը ևս առանձնապես խոշոր չափերի վնասներ է կրել:

Դատախազությունը հայտնում է, որ բացահայտված փաստերով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:

Անուրջների Էրգրի կենարար ջուրը. Արևմտյան Հայաստանն այդպես էլ չի դարձել թուրքական

Հիշեցնենք` Ծաղկաձորի ճոպանուղին վերանորոգելու ու վերագործարկելու համար այն կառավարության որոշմամբ հանձնվել էր ՀՀ ԿԱ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին։ Կոմիտեն այն նվիրաբերության պայմանագրով պետության անունից  հանձնել էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին`վերջինի հիմնադրած առևտրային կազմակերպության կողմից մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը Ճոպանուղին վերակառուցելու և շահագործելու պայմանով:

Շինարարությունից հետո 2005թ. մարտի 1-ին կնքված պայմանագրով ՀԱՕԿ-ը Ճոպանուղին հավատարմագրային կառավարման էր հանձնել նույն այդ  ընկերությանը՝ մինչև 2008թ–ը։

Իսկ 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված մեկ այլ պայմանագրով՝ ճոպանուղին 2009թ.-ից մինչ օրս հանձնվել է «Լեռնատուր» ՍՊԸ–ին։ Ի դեպ, նշենք, որ այս ընկերության սեփականատերերից մեկը հենց ՀԱՕԿ–ն է։

Համաձայն, ՀՀ պետական ռեգիստրում հրապարակված տվյալների` 2008թ–ի դեկտեմբերի 3-ին գրանցված ընկերության հիմնադրներն են ՀԱՕԿ–ն ու «Հասպեր Վենչըրս » ընկերությունը։