ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաների ապօրինի շրջանառության մտահոգիչ իրավիճակի կապակցությամբ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿ ծառայության պետին։ Այս մասին տեղեկանում են ՀՀ դատախազությունից։
«Մասնավորապես, ներկայումս նախաքննության փուլում գտնվող 7 քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավորված անձինք կամ դատապարտյալները տևական ժամանակ պահել և շահագործել են բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ։ Դրանց միջոցով պլանավորել, կազմակերպել ու կատարել են թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին»,–նշված է դատախազության հայտարարության մեջ:
Մի շարք դեպքերում պարզվել է, որ բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վրիպել է ծառայողների տեսադաշտից: Իսկ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները փաստացի կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:
ՀՀ Շիրակի մարզի դատախազը դիմել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին՝ իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու և արդյունքների մասին իրենց տեղեկացնելու միջնորդագրով:
Ի դեպ, որ վերը նշված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերով կձեռնարկվեն նաև քրեադատավարական միջոցներ՝ պատասխանատուների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: