«Միկելան մեղք ունի՞». Ալսուի ներկայացուցիչը մեկնաբանել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալը

Ալսուի ներկայացուցիչը հերքել է «Ձայնը, երեխաներ» շոուի քվեարկության արդյունքը կեղծելու լուրերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Երգչուհի Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, մեղավոր չէ, որ տաղանդավոր է։ Ալսուի ներկայացուցիչ Նինա Պոնոմարյովան այս մասին գրել է Hello! ամսագրի գլխավոր խմբագիր Մարինա Սավելևայի Facebook–յան էջի մեկնաբանություններում։

Սկանդալ Առաջին ալիքում. եթերից հանել են «Ձայնը. երեխաներ» վավերագրական ֆիլմը

Նա հայտնել է, որ Միկելան հինգ տարեկանից երազել է նախագծին մասնակցելու մասին, ամեն օր աշխատում է իր վրա ու մի քանի երաժշտական գործիք է նվագում։

«Միկելան ի՞նչ մեղք ունի։ Մեղավոր է, որ տաղանդավո՞ր է։ Թե դա հիմար կարծրատիպ է` եթե տաղանդից բացի գումար էլ կա, ուրեմն ամեն ինչ գնվա՞ծ է։ Մեր դեպքում կարող եմ ասել` ոչ», – գրել է Պոնոմարյովան։

Նա նաև նշել է, որ Միկելայի համար եզրափակիչ փուլի երգ չէին պատրաստել, քանի որ չէին մտածում, որ նա կհաղթի քվեարկության արդյունքում։

Հիշեցնենք` «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի սուպերեզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում հաղթեց երգչուհի Ալսուի ու գործարար Յան Աբրամովի դուստրը` տասը տարեկան Միկելան` հավաքելով ձայների 56,5%–ը։ Սուպերեզրափակիչի հաղթողի կոչման համար պայքարում էին նաև Վալերի Կուզակովն ու Երժան Մաքսիմը։

Նշենք` եզրափակիչ փուլում Միկելա Աբրամովան շատ ուժեղ մրցակիցներ ուներ, որոնց թվում էին նաև Ռոբերտ Բագրատյանն ու Միքայել Գրիգորյանը։