ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Եթե դատավորը գտնում է, որ կան ինքնաբացարկի հիմքեր, պարտավոր է ներկայացնել ինքնաբացարկ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով լուրերին, թե դատավորները հրաժարվում են վարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատաքննությունը։
«Ինքնաբացարկի հիմքերը արձանագրված են դատական օրենսգրքում։ Եթե դատավորը գտնում է, որ կան նման հիմքեր, պարտավոր է ինքնաբացարկ հայտնել»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ եթե կլինեն այդ հիմքերի հետ կապված կասկածներ, էթիկայի հանձնաժողովը անհրաժեշտ կհամարի դիմել Բարձրագույն դատական խորհրդին։
Ինչ վերաբերում է Քոչարյանի գործից դատավորների հրաժարվելու քաղաքական հիմքերին, արդարադատության նախարարը խորհուրդ տվեց սպասել ԲԴԽ հնարավոր դիրքորոշմանը։
«Քաղաքական ենթատեքստ տեսնելու համար պետք է կարդանք ԲԴԽ որոշումը, եթե այդպիսին կլինի»,- ասաց նա։
Նշենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը և Դավիթ Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Էթիկայի հանձնաժողովը քննել է և կարգապահական վարույթ է հարուցել դատավորների նկատմամբ` գործն ուղարկելով բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի այնտեղ որոշում կայացնեն` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ հանձնաժողովի դիմումը մերժելու վերաբերյալ
Հիշեցնենք` ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։