ՌԱԴԻՈ

Անափիոսյան. «Հանրակրթության ոլորտում ունենք շատ թերացումներ»

Կրթության ու գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ զրուցել ենք հանրակրթության որակի, ոլորտում իրականացվող և սպասվող բարեփոխումների մասին։ Փոխնախարարի խոսքով, Հայաստանում հանրակրթության որակի մասին հարցը ամենաբարդն է, որին հնարավոր չէ մի քանի բառով անդրադառնալ։ Ըստ պաշտոնյայի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանած որակյալ հանրակրթության նորմերին համապատասխանելիության առումով մեր երկրում դեռ շատ անելիք ունենք։
Sputnik
Անափիոսյան. «Հանրակրթության ոլորտում ունենք շատ թերացումներ»

«Կան ծրագրեր, որոնք հատվածական միտված են հանրակրթության որակը բարելավելուն, բայց փաստացի տեսնում ենք, որ ունենք շատ թերացումներ, և դրանով է պայմանավորված նաև բարեփոխումների այն փաթեթը, որը նախատեսված է հանրակրթության ոլորտում»,- Sputnik Արմենիայի եթերում նշում է կրթության ու գիտության նախարարի տեղակալը։

Փոխնախարարի խոսքով` մասնավորապես կրթության բովանդակության հետ կապված բարեփոխումները նախատեսում են առարկայական ծրագրեր, համապատասխան դասագրքեր, գնահատման և ուսուցիչների վերապատրաստման ու պատրաստման համակարգ։

«Ամենակարևորը մեր ուսուցիչներն են։ Ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնցից անընդհատ կարելի է սովորել, և որոնք իսկապես հիացնում են իրենց աշխատանքով, նաև ունենք ուսուցիչներ, որոնց վստահաբար պետք է տանք հնարավորություն, որպեսզի նրանք իրենց ունակությունները, գիտելիքն ու հմտությունները բարելավեն»,-ասում է Արևիկ Անափիոսյանը։

Անափիոսյանը փաստում է, որ ուսուցիչների վերապատրաստման համակարգում կարևոր է նաև կապը ուսուցիչների և վերապատրաստողների հետ։