Ցեղասպանության` «առավել ողջամիտ գործողություն» որակումը ցնցող է. ԱԳՆ–ն պատասխանը Էրդողանին

Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը իր երախտիքի խոսքն է հայտնում այն երկրների ու համայնքներին, որոնք միացան ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Մենք երախտապարտ ենք նրանց բոլորին՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին, խորհրդարանականներին, բարերարներին, գիտնականներին, լրագրողներին և մարդու իրավունքների պաշտպաններին` Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրը հայ ժողովրդի կողքին կանգնելու համար»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

Արտաքին գերատեսչությունից հիշեցնում են, որ Թուրքիան շարունակում է կառչած մնալ ժխտողականության խորշելի քաղաքականությանը՝ ցուցաբերելով Ցեղասպանության զոհերի արժանապատվությանն ու հիշատակի հանդեպ վիրավորանք և անցյալի հետ առերեսվելու անկարողություն, ինչը  կրկին արտացոլվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: «Ցեղասպանության զոհերի անվանարկումը՝ որպես «հայկական հրոսակախմբերի և նրանց կողմնակիցների» առավել վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից «վերաբնակեցման» քողի տակ ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության արդարացումը և ապա  դրա՝ որպես «առավել ողջամիտ գործողություն» որակումն առանձնապես ցնցող է, սակայն միևնույն ժամանակ այն վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման:

Ավելին, Թուրքիան հետևողականորեն փորձում է նաև կրոնական երանգ  հաղորդել իր ժխտողականությանը, ինչն առավել քան զազրելի է: Աշխարհում ոչ մի կրոն չի կարող արդարացնել ցեղասպանություն իրականացրած հանցագործներին և նրանց աջակիցներին: Հայոց ցեղասպանության պատմությունը, որում բազում են իսլամական համայնքների ներկայացուցիչների՝ ներառյալ կրոնական առաջնորդների կողմից զոհերի փրկության դեպքերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային լայն ճանաչումը և դատապարտումը դրա օրինակն է»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Թուրքիան գիտակցաբար մշակութային ցեղասպանության է գնացել, իսկ Աստվածամոր տաճարում աղետ էր

Նշվում է, որ ինչպես 1915 թ., այնպես էլ ավելի քան մեկ դար անց, Թուրքիայի ղեկավարությունը  շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել միջազգային հանրային կարծիքին և պատմական իրականությանը: Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտողականության և արդարացման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան առավել ծանր հանցագործությունների անպատժելիության դեմ պայքարի,  հաշվետվողականության, հաշտեցման և ցեղասպանության կանխարգելման ջանքերի դեմ ուղղված գործողություն: Այն խոչընդոտում է միջազգային հանրության կարևոր ջանքերը` կանխելու այնպիսի իրավիճակներ, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանության հանցագործությանը:

«Այս գործողություններն ու քաղաքականությունն ատելություն և առավել ծանր  հանցագործություններ խթանող ակնհայտ քայլեր են, դրանք ի ցույց են դնում ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու Թուրքիայի կառավարության անկարողությունը և պատասխանատվության ձախողումը, և սպառնալիք են հանդիսանում միջազգային և տարածաշրջանային խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը»,–ասված է պատասխան տեքստում:

Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ՀԱԵ Կոստանդնուպոլիսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին ուղղված նամակում ցավակցություն է հայտնել 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում մահացած հայերի սերունդներին։