«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

Մնացական Սիանոսյանը Վանի փախստականների որդի է։ Երկու անգամ եղել է ծնողների հայրենիքում։ Այնտեղ իրեն օտար կամ հյուր չի զգում։
Sputnik

Մացո պապը` Մնացական Սիանոսյանը, 85 տարեկանում այնպես է հարազատ բարբառով պատմություններ պատմում, որ ապշեցնում է բոլորին։ Ամբողջ գյուղը` Վանաշենը, բերանը բաց իրեն է լսում։ Այս հմտությունը նա հորից է ժառանգել։

Նրա ծնողները Արարատյան դաշտավայր են գաղթել երկու անգամ։ Առաջին անգամ ռուսական բանակի հետ են եկել։ Սակայն հետո չեն դիմացել ու վերադարձել են հարազատ Վան։ Երկրորդ անգամ վերադառնալ չի հաջողվել։ Նրանց Դեր Զոր են քշել։ Այնտեղ անգլիացի միսիոներների միջոցով փրկվել են և տեղավորել վրանային ճամբարում։ Այնուհետև հայտնի Պողոս Նուբար Փաշան` հայ առևտրականը Եգիպտոսից, շոգենավեր է վարձել, նրանց Խորհրդային Միություն տեղափոխելու համար։

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

Գաղթականներին Արարատյան դաշտավայրում են բնակեցնում։ Ներկայիս Վանաշենը Թայթան էր կոչվում, այնտեղ ադրբեջանցիներ և քրդեր էին ապրում։ Մացոյի հայրը կոլտնտեսության ցլերին էր խնամում, նրանց արոտավայր տանում։ Միասին անցնում էին այրված խոտի վրայով, միասին քշում մոծակներին։ Իսկ երեկոյան նրանց ծածկում էր մոռացկոտ, մուգ կապույտ երկինքը։ Բայց փախստականները չէին քնում։ Արաքսի, լեռների և տափաստանների միջով, համագյուղացին իր պատմություններով նրանց հայրենի տուն էր տանում։ Այնտեղ, ուր նրանց մանկությունն էր։

«Մուշից մի բուռ հող կբերեք…». Մխո պապի ցանկությունը դեռ չի կատարվել

«Այդ 90-ականներին մարդիկ սկսեցին սերիալներ նայել։ Իսկ մեր ժամանակ ամբողջ գյուղը հավաքվում էր հորս կողքերը։ Նա մի հեքիաթը շաբաթներով էր պատմում։ Մեկ հերոսին փոսն են գցում, մեկ հավատարիմ ընկերն է նրան օգնության հասնում, թուր ճոճում։ Եվ միշտ ամենահետաքրքիր տեղում դադար էր տալիս։ Եվ հաջորդ օրը մարդիկ, դաշտից նոր վերադարձած, հորս մոտ էին շտապում։ Տարիքով էին, բայց գալիս էին հեքիաթներ լսելու։ Եվ այսպես ամեն օր։ Իսկ հայրս նույնիսկ կարդալ չգիտեր։ Անունն էլ իր հազիվ էր գրում։ Բայց դա էական չէր։ Արվեստը նրա երակներում էր»։

Մացոյի ծնողները Խառակոնիս գյուղից էին։ Այնտեղ է ծնվել Նահապետ Քուչակը` հայ միջնադարյան դասական, բանաստեղծը, որն իր ստեղծագործություններում գովերգել է սերն ու ուրախությունը։

Հայերի ոսկին

Վանեցի մարդ ու կնիկ նստած են լինում իրենց դռանը, փողոցով անցնող մեկը բարևում է: Մարդը պատասխանում է. «Բարև, խազար բարի, խազար բարի,- կինը կողքից,- քա խազար շատի, խարիր ասա, խարիր»:

Կորսված դրախտ կամ Հայաստանն առանց հայերի. Ցեղասպանության «ժառանգությունը» լուսանկարներում

Վանի հայերի ժլատության` «վանեցիության» մասին բազմաթիվ անեկդոտներ են հյուսվել։ «Վանեցի՞ ես, ինչ է», – այսպես երբեմն կարող են կատակել, եթե շատ բարակ կտրատեք հացը։

Հայերի ունեցած ոսկին։ Այն ներկայիս Թուրքիայում փնտրում են արդեն երկար տարիներ` տների և եկեղեցիների բակերում։ Սակայն, ահա 91 թվականին, վանեցիները եկան իրենց Վան։ Նրանք, ովքեր ապրում էին նրանց պապերի տներում, ուրախությամբ ընդունեցին եկողներին։ Նույնիսկ չհարցրին` որտեղ փնտրել «հայերի փողերը»։ Ինչի՞ համար փնտրել։

«Մենք փող հավաքեցինք ու եկանք Կարս, իսկ այնտեղից` Վան։ Եկանք լճի ափի գյուղերը։ Ուզում էինք տառեխ գնել։ Որ մի վանեցին այն չգիտի։ Այդ ձկան մասին նաև երգեր կան։ Իսկ նրանք դա մեզանից էլ լավ գիտեն։ Ահա և ասում են. «Համտեսեք ձեր սիրած տառեխը։ Մեկ կիլոգրամը հինգ դոլար է»։ Հինգ դոլար, դա դեռ այն ժամանակ` 91-ին։ Մենք ասում ենք. «Խելքներդ տե՞ղն է։ Լճում լիքը կա»։ Իսկ նրանք մեզ. «Հինգ դոլար և վերջ»։ Ով, ինչ ուներ գրպանում, հանեց, գնեցինք։ Ես ինքս էլ հինգ կիլոգրամ վերցրի», – պատմում է Մացո պապը։

Այդ ձուկը վանեցիները խնամքով չորացրեցին և տուն բերեցին։ Չէին կպնում նույնիսկ սոված 90-ականներին։

Վանեցի Մացոն Վանի իր հայրական տունը հինգ մատի պես գիտեր։ Երբ այդ տան բակ մտավ, նոր տիրոջն ասաց, թե ինչպես են շարված գերանները առաստաղի վրա. տասը գերան, 11-րդ հատում է դրանք։ Ու այդ ամենը նա քրդերեն, որը նույնպես ծնողներից էր սովորել։

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

«Նա ինձ հարցնում է. «Դո՞ւ որտեղից գիտես։ Մի՞թե այստեղ ապրել ես»։ Ես պատասխանում եմ. «Հիմա հյուրի կարգավիճակով եմ եկել։ Մեկ ուրիշ անգամ կգամ արդեն որպես տանտեր, ու մենք խոսելու բան կունենանք»։ Անցավ 25 տարի, և մենք կրկին եկանք։ Բայց տունը արդեն չկար։ Այն քանդել էին։ Իսկ այդ մարդն արդեն մահացել էր։ Նրա որդին էր։ Ինձ տեսնելուն պես անմիջապես ճանաչեց»...

Լենինն ու Ալին

Դեռ այն ժամանակ` 91-ին, հին վանեցիները նրանց մի լավ դաս էին տվել. իսկական տանտերը նա չէ, ով օտարի տունն է խլել և փակել դուռը։ Այլ նա է, ով լույս է ստեղծում։

Վանի տառեխի ու խնձորների հարցը հետագայի թողեցին։ Իսկ սկզբում վանեցիները շտապեցին Աղթամար։ Վանա լճի չորս կղզիներից մեկը։ Յուրաքանչյուրի վրա վանք է կա։ Աղթամարի վրա ամենամեծը` Սուրբ Խաչն է։

«Հայոց ցեղասպանություն չի եղել, բայց երաշխիք չկա, որ չի լինի». Թուրքիան սիրող հայերի համար

Վանքի շուրջն ու նրա ներսում անանցանելի ցեխ էր։ Այն անմիջապես սկսեցին մաքրել, ձեռքի տակ ընկածով։ Դույլեր չգտան, ջուրը շշերով էին բերում։ Ինչ-որ տեղից մետաղյա կտորներ հայթայթեցին, որոնցով հատակը մաքրեցին ցեխից։ Այնուհետև բերեցին մոմերը, որքան կարողացան։ Հետո վառեցին ու երգեցին։ Եվ իրենց Վանը ուրախությունից ցնծաց։

«Մարդիկ հավաքվեցին նայելու, այնուհետև նստեցին նավերը, կանգ առան կղզու ափին։ Մենք էլ այնտեղ գնացինք։ Մեկին հարցնում եմ. «Անունդ ի՞նչ է»։ Նա ասում է` Ալի։ Ես ասում եմ. «Ախ, այդ քե՞զ էր Լենինը կոշիկ նվիրել»։ Նա զարմանում է. «Ի՞նչ Լենին։ Ոչ մի Լենին, ինձ ոչինչ չի նվիրել»»։

Այստեղ Մացոն միահյուսեց երկու բանաստեղծություն` Չարենցի «Լենինն ու Ալին» և «Բալադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին»-ը։ Խորհրդային տարիներին հայկական դպրոցում սովորածները այս բանաստեղծություններն անգիր գիտեին։

Ալին դրանք չգիտեր։ Սակայն, երբ Մացոն և նրա ուրախ վանեցի ընկերները կրկին եկան` 25 տարի անց, Ալին նրանց ևս միանգամից ճանաչեց։

Նրանց «փոխանը»

Փողոցը Վանի բարբառով` «փոխան» է կոչվում։ Վանի գլխավոր փողոցներից մեկը Խաչփոխան անունն էր կրում։ Մյուսը` Չաղլիփոխան։ Եվ այսպես շարունակ։

1991 թվականին եկած վանեցիներից մեկը հենց Վան քաղաքից էր։ Այգեստանից. այնտեղից, որի անունով Վանի փախստականները Երևանի թաղամասերից մեկը կոչեցին։ Նա անմիջապես սկսեց փնտրել իր «փոխանը», իսկ այնտեղ` իր տունը։ Տունն այդպես էլ չգտավ։ Իսկ փողոցն անմիջապես հիշեց։

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

«Նրա անունը Վարազդատ էր։ Ինձանից տարիքով մեծ էր, այնտեղ էր ծնվել։ Երբ երկրորդ անգամ էինք հեռանում, 4 տարեկան էր։ Ծնողները ճանապարհի համար հաց էին թխել, փոխինձ դրել սայլակի մեջ։ Իսկ նրան վրան նստեցրել։ Եվ նա մեզ պատմում է. «Մարդիկ գնում, գնում են... Ես նայում եմ կողքերս։ Հանկարծ տեսնում եմ մայրս կողքիս չէ։ Ցնցվում եմ, սկսում նայել շուրջբոլորս, ո՞ւր է մայրս»»...

Հայ գաղտնի գործակալ Հրաչ-Մեհմեդը՝ թուրքերի մեջ. առաքելությունն անիրագործելի չէր

Բոլոր փողոցները գտնելու հարցում նրանց օգնեց տեղի բնակիչը։ Մոտեցավ ու ասաց, որ նրանց համար բարի գործ կանի։ Ո՛չ գումար, ո՛չ նվեր չուզեց։

-Եվ ի՞նչ արեց նա, – հարցնում ենք մենք։

-Նա Վանի բոլոր փողոցների հայերեն անունները գիտեր։ Բոլորը մեզ ցույց տվեց։ Չգիտեինք, ինչպես շնորհակալություն հայտնել։ Միայն մտածում էինք` ո՞րտեղից այդ ամենը գիտի։ Սակայն որքան էլ փորձեցինք պարզել, չասաց։

Վերջապես, մեկնում ենք, նստում ավտոբուս։ Քրդերը մեզ հրաժեշտ են տալիս։ Սալամլար, ասում են, ցտեսություն, հարազատներ, ձեռք սեղմում։ Իսկ նրանցից մեկը իմ թևիցս քաշեց ու տարավ ավտոբուսի հետևը։ Եվ հանկարծ գրկեց. ոսկորներս խռթխռթացին։ Այդ ինչ ես անում` ասում եմ։

Իսկ նա պատասխանում է. «Տատիկս հայ էր։ Նա է ինձ պատմել։ Երկու տարի առաջ`89–ին, մահացավ։ Միշտ ասում էր`հիշի՛ր, թե որ տոհմից ես։ Մուխսենց Միսակի դուստրն եմ»...

Նախկինում քաղաքի վանեցիները սիրում էին կատակել գյուղացիների թեմայով. մենք քաղաքից ենք`կյաղկի միչեն։ Ոչ թե ձեր պես, գյուղացի։ Հետո ո՛չ գյուղ, ո՛չ քաղաք չմնաց, բոլորը հավասարապես զրկվեցին ամեն ինչից։ Բայց մնացին նրանց երեխաներն ու թոռները։ Մնացին և կմնան։

«Երբ 91-ին մենք վերադառնում էինք, Վանա լճից հող ու ջուր բերեցինք։ Ծնողների շիրիմին տարանք։ Իսկ երբ Խառակոնիսում էինք, այցելեցի Նահապետ Քուչակի գերեզման, այն մինչ օրս կանգուն է։ Այնտեղից էլ հող բերեցի։ Ե՛վ ծնողների, և՛ գեներալ Նվեր Սաֆարյանի համար։ Հայկական դիվիզիայի հրամանատարի, ով մասնացկել է Բեռլինի ազատագրմանը։ Չէ՞ որ Նվեր Սաֆարյանն էլ վանեցի էր, Արճեշից...