Այ քեզ բան. ռոբոտներն ատամ կմաքրեն, համրը կխոսի, անվարորդ տաքսին կհայտնվի Մոսկվայում

Ռոբոտները «որոշել» են ատամնաբույժ դառնալ, արհեստական ինտելեկտը «կթարգմանի» համր մարդու մտքերը, աշխարհահռչակ զովացուցիչ ըմպելիքը կգովազդվի երկնքում, իսկ առանց վարորդի տաքսիներն էլ շուտով կհայտնվեն Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ընթացքում գիտնականները նոր բացահայտումներ արեցին, որոնք, իրոք, մեծ քայլ կարելի է համարել գիտության մեջ։ Վերջին նորություններն էլ ռուսական ընկերություններին են վերաբերում, որոնցից մեկը գուցե Հայաստանի վրա էլ ազդի՞։

Ատամմաքրիչ ռոբոտները

Որքան էլ սարսափելի հնչի, ապագայում ատամ մաքրելու ձանձրալի գործով կզբաղվեն ռոբոտները։ Բայց վախենալու ոչինչ չկա, քանի որ ամենայն հավանականությամբ պացիենտներին անհրաժեշտ է լինելու ընդամենը բերանը հեղուկ լցնել և նստել մագնիսական դաշտի տակ։ Տեխնոլոգիան մշակել են Փենսիլվանիայի համալսարանի ստոմատոլոգիական բժշկության հետազոտողները և գյուտն արդեն ցուցադրել է իր արդյունավետությունը։ Շատ մանրամասն, մի փոքր էլ անհասկանալի տերմիններով այս մասին պատմում է ScienceDaily-ն։

Այ քեզ բան. անօդաչուների բանակը համալրվել է «մողեսով», ովքե՞ր են մահանալու «Գահերի խաղում»

Տեխնոլոգիայի մշակման մտահղացումը պատահական է ծագել գիտնականների ուղեղում։ Խելացիների երկու խմբերը պարզել են, որ իրենք աշխատում են տարբեր նախագծերի վրա, որոնք կարելի է միավորել և ստեղծել մարդկության համար իրոք պիտանի մի բան։ Առաջին խումբն աշխատել է երկաթի օքիսիդի նանոմասնիկներից պատրաստված մանր ռոբոտների ստեղծմամբ, որոնց հնարավոր կլիներ կառավարել մագնիսի միջոցով։ Իսկ մյուս խումբը պարզել է, որ նույն այդ երկաթի օքսիդը ջրածնի պերօքսիդի հետ գործածումից ստացված արդյունքով կարող է ոչնչացնել բակտերիաները և վերացնել ատամնափառը։ Երկու մտահղացումները միացնելով` գիտնականները ստեղծել են հակամիկրոբային ռոբոտներ, որոնք կառավարվում են մագնիսների միջոցով և ատամը շատ արդյունավետ պաշտպանում են նստվածքից։ Մնում է ենթադրել, որ ստոմատոլոգ ռոբոտները մեծ հաջողության կհասնեն իրենց փոքրիկ չափսերի շնորհիվ ու մարդկության մեծ մասին կազատեն ատամնաբույժների հանդեպ ունեցած ֆոբիայից:

Հատուկ «թարգմանիչ»` համրերի մտքերը խոսքի վերածելու համար

Ապագայում համր մարդիկ կկարողանան հանգիստ և պարզ խոսել հատուկ սարքավորումների միջոցով, որոնք ուղեղի ակտիվությունը կվերածեն սինթեզավորված ձայնի։ Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները մեծ քայլ են կատարել այս տեխնոլոգիան բարելավելու գործում` արհեստական բանականությանը «սովորեցնելով» բերանի շարժումները խոսքի վերածելու կարողությունը։ Տեղեկությունը հրապարակվել է համալսարանի պաշտոնական կայքում։

Այ քեզ բան. Փաշինյանի պայքարին «միացել» է Ցուկերբերգը, իսկ դրոնը գրավում է առաքման շուկան

Սպասվում է, որ սարքը կաշխատի այն ժամանակ, երբ մարդը մտովի կամ ֆիզիկապես կշարժի բերանը, եթե նույնիսկ չարտաբերի ոչ մի ձայն։ Գիտնականները գոհ են իրենց կատարած աշխատանքից, քանի որ սարքը դեռևս ստեղծման փուլում արդեն կատարել է իր առաքելությունը։ Գիտնականներին հաջողվել է ստանալ երկու նեյրոնային ցանց, որոնցից առաջինն ուղեղի ազդանշանները համապատասխանեցնում է շրթունքների շարժման հետ, իսկ երկրորդն այդ շարժումները դարձնում է սինթեզավորված խոսք։ Փորձարկման համար հրավիրված կամավորներին հաջողվել է ընտրված մանկական հեքիաթներից հատվածներ «արտասանել»: Դրանք կարող եք լսել տեսահոլովակում։ Տեխնոլոգիան դեռևս կատարելագործման կարիք ունի, և այս պահին ավելի ճշգրիտ արդյունք է արձանագրվում կարճ նախադասությունների դեպքում:

Փորձարկմանը մասնակցած համր մարդկանց ուղեղների ռեակցիաները շատ նման են եղել իրար, ինչը նշանակում է, որ գյուտը ունիվերսալ է և կախված չէ պացիենտի ուղեղի առանձնահատկություններից: Վերջ: Կարելի է վստահ ասել` աշխարհում ապրող շուրջ 33 միլիոն համր մարդիկ խոսելու իրական հնարավորություն կստանան:

Pepsi-ի գովազդը կտեսնենք երկնքում

Դեռևս հունվարին ռուսական StartRocket ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է տիեզերք ուղարկված արբանյակների օգնությամբ հսկայական «գովազդային վահանակ» ստեղծել գիշերային երկնքում։ Իսկ հիմա պարզվել է, որ առաջինը ընկերության ծառայություններից կօգտվի Pepsi-ն, որը միշտ տարբերվել է իր յուրօրինակ գովազդներով։ Երկնային «վահանակի» միջոցով Pepsi-ն գովազդելու է իր Adrenaline Rush էներգետիկ ըմպելիքը։ Սրա մասին էլ տեղեկացնում է Independent-ը։

Այս մտահղացումը մարդկանց մոտ դժգոհություններ է առաջացրել. քչերը կցանկանան երկնքում նյարդայնացնող գովազդներ տեսնել։ Եվ նույնիսկ քննարկում են, որ պետք է խոցել այս տեսակի արբանյակները։ Գիտնականներին նույնպես դուր չի եկել գովազդի այս եղանակը, քանի որ մտավախություն ունեն, որ արբանյակները կբարդացնեն երկնային հետազոտությունները։

StartRocket ընկերությունը պատրաստվում է նախագիծը գործարկել 2021 թվականին։ Երկնքում 8 ժամ գովազդ տեղադրելը կարժենա 20 հազար դոլար։

Անօդաչու վարորդները շուտով կհայտնվեն Մոսկվայի փողոցներում

Դեռևս 2016 թվականին Yandex ընկերությունը սկսել էր անվարորդ մեքենաների սեփական համակարգի մշակումը։ Այսքան ժամանակ իրենց ստեղծած, առանց վարորդի կառավարվող մեքենաները փորձարկումներ էին անցնում, իսկ արդեն մայիսին դրանք` որպես տաքսիներ, կսպասարկեն Մոսկվայի հյուրերին ու բնակիչներին:

Այ քեզ բան. մարդիկ «քնաբեր» գիշերանոց են ստեղծել, «չինացին» սայթաքել է, 5G–ն` գործարկվել

Տաքսիների ուղևորներն առայժմ միայնակ չեն լինի մեքենայում ՝ տեխնոլոգիայի փորձարկումը կտևի մինչև 2022 թվականի մարտի 1–ը։ Առաջին փուլում մեքենայի ղեկի դիմաց վարորդ կլինի, որն ամեն պահի պատրաստ կլինի մեքենայի ղեկավարումն իր վրա վերցնել: Սակայն Yandex-ի աշխատակիցները հույս ունեն, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։

Yandex Taxi ծառայության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը հավատացած է, որ իրենց թիմը հասել է Google-ի և Uber-ի մակարդակին և Ռուսաստանն այս ոլորտում առաջատար դառնալու բոլոր շանսերն ունի։ Մինչև տարեվերջ ընկերությունը ցանկանում է ընդլայնել անվարորդների պարկը՝ հասցնելով 100 ավտոմեքենայի։ Այս մասին տեղեկացել ենք Vedomosti-ից։

Yandex-ից բացի, նմանատիպ համակարգերի մշակմամբ են զբաղվում ևս 6 ընկերություն, սակայն ռուսական տեխնոգիգանտը միակն է, որի տաքսի ծառայությունը գործում է նաև Հայաստանում։

Դե ինչ, հուսանք, որ գոնե վերջնական փորձարկումներից հետո Yandex Taxi ծառայության հայ տնօրենը չի մոռանա մեր մասին ու ամեն ինչ կանի, որ անվարորդ տաքսիները երևանյան փողոցներով էլ երթևեկեն։