Փոքրիկ Ռոբերտը գիտի` ինչ է ուզում. «Ձայնը. երեխաներ» շոուի մասնակցի տատիկը ֆրի է խոստացել

Հայ տղան պատմել է, թե ինչպես է հայտնվել «Ձայնը. երեխաներ» շոուում, ինչի մասին է երազում և ինչ է նրան խոստացել տատիկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Պատանի երգիչ Ռոբերտ Բագրատյանը երազում է դառնալ «Ձայնը. երեխաներ» շոուի վեցերորդ եթերաշրջանի հաղթող և բացել սեփական ձայնագրման ստուդիան։ Այդ մասին նա պատմել է «Կոմսոմոլսկայա պրավդա–Ռոստով»–ի թղթակցին։

13–ամյա տղան վերջնագիր է ներկայացրել մորը. կա՛մ իրեն ուղարկում է մրցույթի, կա՛մ ինքը դադարում է երգել։ Տղան երգել է և իմպրովիզացված համերգներ կազմակերպել։ Իսկ երբ դպրոց է գնացել, երգել է ոչ միայն դասամիջոցների, այլ նաև դասերի ժամանակ։ Հենց դա էլ տպավորել է նրա առաջին ուսուցչուհուն և խորհուրդ է տվել ծնողներին տղային ուղարկել վոկալի ստուդիա։

Նա ամենից հաճախ երգում է Ֆրեդի Մերկուրիի երգերը, որովհետև հենց նա է պատանի երգչի կուռքը։ Ի դեպ, Ռոբերտը հենց «The Show Must Go On» երգն է կատարել «Կույր լսումների» ժամանակ և անցել մրցույթի հաջորդ փուլ։ Տղան խոստովանել է, որ երբ երգչուհի Սվետլանա Լոբոդան շրջվել է իր կողմ, նրա սիրտը սկսել է արագ բաբախել։

Նրանք գրավել են ռուսական աստղերի սրտերը. «Ձայնը» նախագծում հայ երեխաների հզոր ելույթները

«Դեռ «կույր լսումներից» առաջ Ռոբերտը խնդրել է տատիկին, որ եթե անցնի, ապա տատիկը պետք է ամեն օր կարտոֆիլ ֆրի պատրաստի իր համար։ Տատիկն առայժմ չի կարողանում կատարել խոստումը, քանի որ թոռը հիմա Մոսկվայում է», – պատմել է մայրը։

Չնայած իր տարիքին` Ռոբերտ արդեն գիտի, թե ինչ է ուզում։

Տղան ծնողների հետ ապրում է Դոնի Ռոստովում, բայց դպրոց է գնում Բոլշիե Սալի գյուղում` Դոնի Ռոստովից 22 կմ հեռավորության վրա։ Բանն այն է, որ այստեղ ուսուցանում են նրա մայրենի լեզուն` հայերենը։ Իսկ վոկալային կոլեկտիվը, որտեղ Ռոբերտը սովորում է երգել, գտնվում է մեկ այլ բնակավայրում` Չալտիրում, ինչը նույնպես մոտ չէ։ Բայց ծնողները պատրաստ են ամեն օր հաղթահարել այդ դժվարությունները, որպեսզի իրենց որդին հարգի ավանդույթները և կարողանա իրագործել երազանքը։

Ռոբերտը ծնվել է 2006թ–ին Երևանում։ Մայրը ծնունդով Արցախից է, հայրը` Ծաղկաձորից։ Ընտանիքը 2010թ–ին տեղափոխվել է Դոնի Ռոստով։

«Ձայնը. երեխաներ» շոուի վեցերորդ եթերաշրջանը մեկնարկում է արդեն այսօր երեկոյան։