Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրել է Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, որը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Ժողովուրդ» թերթն անդրադարձել է Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի մեղադրանքին և գրել, թե ովքեր են ցուցմունք տվել նրա դեմ։

«Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ:

Դավիթ Սանասարյանի գործը. իշխանական թևերի միջև պայքարը թևակոխում է բաց փուլ

ՀՀ ԱԱԾ-ում հարուցված այս քրեական գործը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում: Եվ, ահա,  օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող բոլոր անձինք, այդ թվում` ՊՎԾ-ի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող ու օրերս կալանքից ազատված անձինք, ցուցմունք են տվել Դավիթ Սանասարյանի դեմ:

Մասնավորապես, երեկ կալանքից ազատ է արձակվել ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այս գործով անցնող անձինք իրենց ցուցմունքներում կրկնել են հետևյալ արտահայտությունը. Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել իրենց այդ գործողությունների մասին, և ներկայացրել են համապատասխան ապացույցներ»:

Հիշեցնենք` ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։