Երևանի երաժշտական հատուկ դպրոցի մանկավարժները 50 մլն դրամ կստանան

Երևանի երաժշտական դպրոցներից մեկին նվիրատվություն կհատկացվի` այլ դպրոցներում արվեստ ուսուցանելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանում ամենացածր վարձատրվող արվեստագետ–մանկավարժներն այս տարի հնարավորություն կունենան հավելյալ գումար աշխատելու` հավելյալ աշխատանքի դիմաց։ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի մանկավարժները կառավարությունից 1–ական մլն դրամ կստանան։

Անապահով ընտանիքները թոշակի պատճառով նպաստից չեն զրկվի

Այս որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում։ Գումարը տրամադրվում է Մշակույթի և Կրթության ու գիտության նախարարությունների միջոցով իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրի իրականացման համար։

Ծրագրի ընդհանուր ֆոնդը 50 մլն դրամ է։ Մանկավարժները 1 մլն դրամի դիմաց պարտավորվում են տարվա ընթացքում այցելել 30 ուսումնական հաստատություն`Հայաստանի յուրաքանչյուր մարզում 3-ական դպրոց: Մեկ ուսումնական հաստատություն այցելության գումարը հաշվարկված է 33 300 դրամ, որի մեջ ներառված է ճանապարհածախսը, կտավների, մոլբերտների, երաժշտական գործիքների և այլ անհրաժեշտ ուսումնական պարագաների տեղափոխության ծախսերը, օրապահիկը, գիշերակացի գումարն ու բուն աշխատանքի վարձատրությունը` առանց հարկերի ու տուրքերի:

Դրա համար կառավարությունը որոշեց ծրագրին հատկացված 50 մլն դրամից բացի ևս 10 591 700 դրամ լրացուցիչ փոխանցել` հարկերն ու տուրքերը վճարելու համար։

Ծրագրի իրականացման համար 2018թ–ին հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է Երևանի թիվ 13 երաժշտական հատուկ դպրոցի ներկայացրած ծրագիրը։