ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Այն, որ Ստեփանակերտը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցություններին, նվազեցնում է դրանց արդյունավետությունը։ Այս մասին 1in.am–ի ուղիղ եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Մենք չենք խուսափում պատասխանատվությունից, այլ շատ հստակ ամեն ինչ գիտակցում ենք։ Հայաստանը բանակցությունների կողմ է եղել ու մնում է, մենք կկատարենք մեր աշխատանքը», – ասաց Մնացականյանը։
Նախարարը վստահ է, որ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի ներկայացուցիչների բացակայությունը նվազեցնում է դրանց արդյունավետությունը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի ձևաչափի ամբողջականության կողմնակից է։
«Դա շատ հստակ ու պրակտիկ հարց է, քանի որ անմիջականորեն վերաբերում է Արցախին, որը իրենից ներկայացնում է յուրահատուկ քաղաքական միավոր, սուբյեկտ, որն ունին բոլոր ռեսուրսները 150 հազարանոց ժողովրդի անունից խոսելու համար։ Այն համապատասխան մանդատ ունի», – ասաց Մնացականյանը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ բոլոր որոշումները պետք է ընդունելի լինեն Արցախի ժողովրդի համար, որի անունից խոսում են համապատասխան մանդատ ստացած իշխանությունները։
Միաժամանակ Մնացականյանը խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեմ չեն լինի, որ Արցախը միանա բանակցություններին, եթե կողմերը համաձայնության գան։
Հիշեցնենք` ապրիլի 15–ին Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։» Մնացականյանի ու Մամեդյարովի նախորդ հանդիպումը կկայանա Մյունխենում։