ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի– Sputnik. ՀՀ առաջին նախագահ «Լևոն Տեր–Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է։ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է իրավապաշտպան, Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Որքան հասկանում եմ՝ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է պետության նախկին ղեկավարի դիմումի հիման վրա»,– գրել է նա։
Ըստ Մելիքյանի` չորս պահանջից առանձնահատուկ էր մեկը՝ մարտի 1-ի առավոտյան Առաջին նախագահին Ազատության հրապարակից տեղափոխելու և տանից ենթադրաբար դուրս չթողնելու (փաստացի «տնային կալանքի») իրավաչափության հարցը։ Դիմումատուի պնդմամբ՝ դա անձնական ազատության և ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։
Եվրոպական դատարանը չի համաձայնել դիմումատուի փաստարկներին և այս մասով գանգատը հայտարարել ակնհայտ անհիմն և անընդունելի։
Մյուս երեք պահանջներն արդեն քննարկվել էին Սաղաթելյանի վերաբերյալ վճռում։ Չշեղվելով արտահայտված դիրքորոշումներից՝ Դատարանը ընդունել է, որ տեղի է ունեցել՝ (1) Հավաքների ազատության իրավունքի խախտում՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում հավաքի դադարեցման կապակցությամբ, և (2) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում՝ այդ հավաքի դադարեցման իրավաչափությունը վիճարկելու անհնարինության կապակցությամբ։ Հավաքի դադարեցման կապակցությամբ Խտրականություն դրսևորելու պնդումը թողնվել է առանց քննության։
Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։