Հայաստանը վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության լուրջ փորձ է կուտակել. Տոնոյան

Դավիթ Տոնոյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ ապրիլի 25-ին ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ Պաշտպանության նախարարությանը և անձամբ նախարարին` համաժողովին մասնակցելու հրավերի համար:

ՀՀ-ն ու Թուրքիան կորցրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը. Մնացականյան

Նա մատնացույց է արել այն հանգամանքը, որ միջազգային անվտանգության ապահովման ոլորտում շահերի և նպատակների համընկնումը թելադրում է անհատական և հավաքական    ներուժի շարունակական զարգացում խաղաղություն և կայունություն պահպանելու համար՝ ինչպես համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, այնպես էլ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրների կողմից: Հայաստանը նույնպես հավատարիմ է այդ մոտեցմանը:

«Արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները»,-ասել է Դավիթ Տոնոյանը:

Նա արձանագրել է, որ Հայաստանը, լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում:

Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում:

«Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև  Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը:

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Բելառուսի պաշտպանության նախարարի հետ. ինչ են պայմանավորվել

Մասնավորապես, այս տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը»,- ասել է Տոնոյանը:

Նա ներկայացրել է, որ ՀՀ մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը:

Դավիթ Տոնոյանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում:

«Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին»,- հավաստել է ՀՀ պաշտպանության նախարարը և ելույթի եզրափակիչ հատվածում արձանագրել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ջատագով միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական  մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա: