ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ճիշտ քայլ է անվանել հայկական մարդասիրական առաքելությունը Սիրիա ուղարկելը` պատասխանելով հարցին, թե ինչպես է դրանից հետո կարգավորելու ԱՄՆ–ի հետ հարաբերությունները։
Ըստ թերթի` Հայաստանի ոչ մի կառավարություն Վաշինգտոնի կողմից այնքան կոշտ չի քննադատվել (համենայն դեպս հանրային կերպով), որքան ներկա կառավարությունը՝ կապված Սիրիա ռազմական հումանիտար առաքելություն ուղարկելու հետ:
«Կա նաև հակառակը: Հայաստանի ոչ մի կառավարություն այնպես չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ես: Մեզ համար ամենակարևորն է պահպանել մեր ինքնիշխանությունը և անկախությունը: Իհարկե, մենք չենք կարող գոյություն ունենալ կրոնական և միջազգային հարաբերություններից ու իրողություններից կտրված: Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, անգամ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հարցում: Եվ պատրաստ ենք պատասխանել նրանց բոլոր հարցերին», – ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել, որը բխում է նաև պատմական համատեքստից։
«Եթե հայ սակրավորները ականազերծեն փոքրիկ մի տարածք երեխաների խաղի համար, որոնց նախնիները փրկել են թեկուզ մեկ հայի, իսկ Հալեպում այդպիսիք շատ են, ապա մեր առաքելությունն արդարացված է: Եթե հայ բժիշկները փրկեն ցեղասպանության ժամանակ թեկուզ մեկ հայի փրկած սիրիացու ժառանգներից մեկին, ապա մեր առաքելությունն արդարացված է: Իսկ դա արդեն տեղի ունեցել է. մեր բժիշկները Սիրիայում կատարել են արդեն ավելի քան 100 վիրահատություն», – ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Սիրիայում հայկական առաքելության ավարտը պայմանավորված կլինի Հալեպում ու շրջակայքում ապրող բնակչության, այդ թվում` հայ համայնքի կյանքի պայմանների` բնականոն հուն վերադարձնելով։
83 հոգուց բաղկացած մասնագետների խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել փետրվարի 8-ին։ Խմբի կազմում ներգրավված են հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։
Մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար էր տեղի ունեցել, որի հետևանքով հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել:
Սակրավորին տեղափոխել էին Մոսկվա, որտեղ նա կրկնակի վիրահատության էր ենթարկվել։ Հայ սակրավորն այժմ Երևանում է։ Առողջական վիճակը նորմալ է, վերքը լավանալուց հետո կպրոթեզավորվի։