Արմավիրի համայնքապետը յուրացումներ է կատարել. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Արմավիրի գյուղապետը, պաշտոնեական դիրքը օգտագործելով, կեղծ փաստաթղթեր է ստորագրել և յուրացումներ կատարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Նոր Նորքի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել

Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, Արմավիրի մարզի Արմավիր գյուղական համայնքում աշխատանքի ընդունված մի խումբ աշխատակիցների կողմից աշխատանքի չներկայանալու պարագայում 2014-2017 թվականների ընթացքում իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատավարձերի ցուցակները և, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնելու եղանակով համայնքի միջոցներից հափշտակել խոշոր չափի՝ընդհանուր 565.267 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Արմավիրի համայնքապետարանում որպես մշակույթի տան մարզիչ, որպես վարորդ, ինչպես նաև նույն համայնքի աշխատակազմում որպես պահակ աշխատանքի ընդունված անձինք իրենց աշխատանքային գործունեության ընթացքում համայնքի ղեկավարի գիտությամբ մեկնել են արտերկիր: Համայնքի ղեկավարը, իմանալով նշված աշխատակիցների բացակայելու հանգամանքի մասին, անձնական դրդումներով, իր ստորագրությամբ հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ցուցակները, որի հիման վրա, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակել է նշված անձանց  աշխատավարձի հաշվեհամարներին փոխանցված խոշոր չափերի գումարը:

Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարի կողմից պատճառված 565.267 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: