Երևանը չորս Սու–30–ի գումարի մի մասն արդեն փոխանցել է Մոսկվային. Տոնոյան

Սու-30 կործանիչների առաքումները նախատեսված են 2019թ–ի վերջին կամ 2020թ–ի սկզբին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայաստանն արդեն մասամբ վճարել է ռուսական Սու-30 կործանիչների առաքման համար։ Լրագրողներին այս մասին ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

ՀՀ–ՌԴ ռազմական համագործակցության զարգացումը. քիչ խոսք, շատ զորավարժություն և Սու-30ՍՄ

«Առաջին փուլում կլինեն չորս մեքենաներ, մենք արդեն վճարել ենք գումարի մի մասը», – նշել է նա։

Նախարարի խոսքով` Հայաստանը կշարունակի ռուսական սպառազինությունների գնման գործընթացը։

«Շարունակելու ենք սպառազինվել և վերազինվել։ Ամեն դեպքում ռուսական զենքի գնումները կշարունակվեն», – ավելացրել է Տոնոյանը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ մտադիր են գնել Սու-30ՍՄ կործանիչներ։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 23-ից 25-ը Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովին: