ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդ էր այցելել կրտսեր թոռնիկի ձեռքը բռնած։ Նրան ուղեկցում էր նաև ՀՀԿ ղեկավար կազմը։
Երրորդ նախագահը ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին։
Նա անպատասխան թողեց լրագրողների բազմաթիվ հարցերը, թեև Ծիծեռնակաբերդում աշխատող լրատվամիջոցները երրորդ նախագահին հարցադրումներ ուղղելով ուղեկցեցին մինչև ավտոմեքենա նստելը։
Փոխարենը լրագրողների որոշ հարցերին պատասխանեց ՀՀ Աժ նախկին նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը։ Հարցին, թե երբ կխոսի Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ժամանակը կգա, և նա կխոսի»։ Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ երբ է այդ ժամանակը։ ԱԺ նախկին խոսնակն արձագանքեց. « Մեզ համար ամեն օր է ժամանակը»։
Գալուստ Սահակյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե հայ–թուրքական արձանագրությունները ձախողվել են` հավելելով, որ Թուրքիայի հետ հարաբերույունների կարգավորման հարցն այսօր էլ արդիական է։