Իրանագետը կարևորում է մի հանգամանք, որը նաև օրինակելի է համարում․ յուրաքանչյուր պատժամիջոցային օրն Իրանն օգտագործում է սեփական արտադրությունը զարգացնելու համար։
Այն, ինչ չի կարելի ներմուծել Իրան, արտադրվում է Իրանում։
«Պատժամիջոցները, որքան էլ պարադոքսալ թվա, օգնում են Իրանին զարգացնել սեփական տնտեսությունը՝ մեծ հաշվով վնաս հասցնելով տնտեսությանը, բանկային ոլորտին, որն ազդում է նաև Հայաստան-Իրան հարաբերությունների վրա»,- ասում է Ոսկանյանը։
Նա կարծում է, որ իրանցիները կդիմանան նաև այս պատժամիջոցներին։ Իրանն ընդհանրապես սովորել է շատ դեպքերում ապրել ինքնուրույն։ Իրանական արտադրանքը որոշ առումով գուցե զիջում է և շատ ոլորտներում չի հասնի, օրինակ, գերմանականին, բայց բավարարում է ներքին պահանջարկը։
Ոսկանյանը, անդրադառնալով իրանական ցեմենտի շուրջ ակտիվ քննարկումներին, հիշեցրեց, որ տարիներ առաջ Հայաստանից էր ցեմենտ արտահանվում Իրան, քանի որ Իրանն ուներ ցեմենտի պակասորդ։ Սակայն Իրանը դրեց հստակ խնդիր՝ ոչ միայն բավարարել սեփական պահանջարկը, այլ արտահանել ցեմենտը, և այսօր մենք ենք բախվում այդպիսի խնդրի հետ, ինչը մեր երկրում առաջացրել է սոցիալական խնդիրներ։
«Իրանցիները տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սովորել են ապրել շատ էժան։ Պետությունը սուբսիդավորել է գրեթե ամեն ինչ, գրեթե բոլոր ոլորտներում եղել է պետական աջակցություն՝ գների զսպման մեխանիզմների առումով։ Մինչև հիմա էլ բենզինը Իրանում խմելու ջրից էժան է»,- նշում է իրանագետը։
Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ ակնհայտ է, որ առաջացած տնտեսական խնդիրները, թանկացումերը հասարակության մեջ դժգոհություն են առաջացրել։ Միացյալ Նահանգների նպատակներից մեկն էլ հենց դա է ՝ ստեղծել սոցիալական բունտի մեխանիզմ, որը հետագայում կվերափոխվի հեղափոխության։