ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել ցանկացած երկրի իրավապահ մարմինների հետ քննարկել «փող լվանալու» վերաբերյալ իր հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնը (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project) մեղադրել էր Ռուբեն Վարդանյանի ընկերությանը օֆշորային ընկերությունների ցանցի միջոցով Ռուսաստանի գումարներ դուրս բերելու մեջ։
«Հայրս ասում էր` եթե ինչ-որ լավ բան ես անում, պատրաստ եղիր, որ պատասխան վատություն ստանաս։ Ես վստահ եմ, որ այն ամենը, ինչ անում ենք «Ավրորայի» օգնությամբ, շատերի մոտ առաջացնում է շատ լուրջ նեգատիվ էմոցիաներ», – նշեց նա։
Վարդանյանը նշեց, որ ծնողներն իրեն սովորեցրել են նաև քննադատությանը պատասխանել ոչ թե խոսքով, այլ գործով։ Գործարարը հավելեց, որ միշտ ապրել է պարզ ու բաց, իսկ վաստակած գումարը տրամադրել է բարեգործության, ուստի բաց ճակատով կարող է նայել բոլորին։
«Եվ եթե ինչ-որ մարմիններ կցանկանան զրուցել ինձ հետ, ես պատրաստ եմ, բայց առայժմ նման առաջարկ չի եղել», – ասաց գործարարը։
Վարդանյանը նշեց, որ շնորհակալ է այն մարդկանց, որոնք աջակցում են նրան և հավատում։ Նա հիշեցրեց, որ «Ավրորա» մարդասիրական մրցանակն ունի 137 դեսպան, և նրանցից ոչ մեկը չի հրաժարվել իր առաքելությունից և չի կասկածել իր ազնվությանը։
Հիշեցնենք` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական կենտրոնի (OCCRP- Organized Crime and Corruption Reporting Project), Hetq.am–ի և մոտ 20 այլ լրատվամիջոցների համատեղ հետաքննության հրապարակման համաձայն` «Տրոյկա դիալոգ» բանկը` հայ գործարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, ստեղծել է տասնյակ օֆշորային ընկերություններից կազմված ցանց։
Նշվում է, որ այդ ընկերություններից միջոցով Ռուսաստանից դուրս են բերվել փողեր` այդ թվում օգտագործելով «քրեական սխեմաներ»։ Հետաքննության տվյալներով` ցանցը գործել է 2006-2013թթ–ին, և այդ ընթացքում ընդհանուր առմամբ մաքրվել և Ռուսաստանից դուրս է բերվել մոտ 9 միլիարդ դոլար։ Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» անվանումը։