ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայ հասարակական գործիչ, գրող և խմբագիր Թեոդիկի կալանքը (1915թ.-ի մարտին) Պոլսո հայ մտավորականության համար դարձավ սարսափելի ամսաթվի` ապրիլի 24-ի նախակարապետը:
Թեոդիկի պատմությունը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի մարքեթինգի համակարգող Հասմիկ Հախվերդյանը։
«Թեոդիկի կալանքը կարելի է հետհաշվարկի կետ համարել, որից սկսվում են Հայոց ցեղասպանության պատմության ամենադաժան էջերը: Դա առաջին ահազանգն էր հայ մտավորականության, գիտական ու ստեղծագործական վերնախավի համար: Պարզ դարձավ, որ նրանց գլխին մահացու վտանգ է կախվել», – ասաց Հախվերդյանը:
Այնուհանդերձ, թվում էր՝ արդեն մահվան դատապարտված Թեոդիկին հաջողվել է փրկվել։ Ստույգ հայտնի չէ, թե ինչպես է գրողը փրկվել անխուսափելի մահից, բայց փաստն այն է, որ դրանից հետո նա դարձել է այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որ բարձրացրեց հայերի զանգվածային կոտորածները ճանաչելու հարցը:
«Թանկ մարդը». ինչպես գթության քույրերից մեկը հրաժարվեց աշխատանքից` որբերին խնամելու համար
Գրականության և արվեստի պետական թանգարանի ֆոնդերում պահպանվել են նրա նամակները, իր կալանքի մասին գրողի հիշողություններ: Հախվերդյանը ներկայացրեց դրանցից մի քանիսը։
«1915 թ–ի մարտին Պոլսում ձերբակալվեց նշանավոր «Ամենուն տարեցույցի» խմբագիր Թեոդիկը։ Տագնապած բարեկամները շտապեցին Կոմիտասի մոտ: Լուրն առնելուն պես Կոմիտասն օտար մի ձայնով արտաբերեց.
-Սկսվե՞ց...
Նա հայացքն ուղղեց դեպի հայկական գերեզմանատունը, որ երևում էր պատշգամբից: Կոկորդը սեղմվեց հուզմունքից, չկարողացավ միտքը հայտնել: Սիամանթոն, որ կողքին կանգնած էր, հասկացավ առանց բառերի ասվածը: Նա իր հերթին նայեց խաչարձանների տակ խաղաղ հանգչող շիրիմներին. «Արյունո՛տ պիտի լինի մեր մահը՝ առանց շիրիմ ու խաչարձան»,- մեջբերում է Հախվերդյանը Թեոդիկի հիշողությունները:
Գրող Թեոդիկը ծնվել է 1873թ.-ին Կոստանդնուպոլիսում։ Հանրային և հեղինակային գործունեությունն սկսել է 1900-ականներից, տպագրվել է թերթերում, գրել պատմվածքներ: Հատկապես հայտնի է դարձել «Ամենուն տարեցույցի» խմբագրի պաշտոնում: Տարեցույցում նկարագրվել է հայերի կյանքը և կենցաղը, այն փոքր հանրագիտարան է դարձել հայերի մասին:
«Թեոդիկն արտաքսվել է Թուրքիայի հեռավոր շրջաններից մեկը և ստիպված է եղել չզբաղվել սիրելի գործով: Ցեղասպանությունից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս»,- պատմեց Հախվերդյանը։
«Նենեգա, ես հիշում եմ». Սիմոնյանը պատմել է` ինչպես են նախատատերը փրկվել ցեղասպանությունից
Կոստանդնուպոլսում նա նախաձեռնել է միջոցառումներ` ի հիշատակ 1915թ.-ի զոհերի։
Նրա առաջարկով հրապարակվել է կոտորածներից փրկված հայ մտավորականների հուշերի ժողովածուն։ Գիրքն անվանել են «Ապրիլի 11» (նոր տարեգրությամբ` ապրիլի 24):
1919թ.-ին Կոստանդնուպոլսում տեղադրվել է «Հիշատակարան ապրիլի 11»-ի հուշարձան, սակայն այն երկար կյանք չի ունեցել. 1922թ.-ին Թուրքիայի ազգային շարժման վերածննդի ժամանակ հուշարձանն ապամոնտաժվել է և կորել անհայտ հանգամանքներում։
Ավելի ուշ Թեոդիկը տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը: