Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը

Ստեփանակերտի տեսարժան վայրերի շարքում ուշադրություն է գրավում քաղաքային միակ շուկան, որը գտնվում է հենց կենտրոնում։ Այստեղ կարելի է այնպիսի բաներ գտնել, որոնք կզարմացնեն ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև հայաստանցիներին։
Sputnik

Սխալ քաղաք են Սպիտակ անվանել։ Սա առաջին միտքն է, որ ծագում է գլխումս Ստեփանակերտ մտնելիս։ Սկզբում կարող է թվալ, թե աչքդ այստեղ երկու գույնի է հանդիպում` սպիտակի և կապույտի` շենքերի ու երկնքի գույնը։ Ու թեև այդ հակադրությունը հաճելի է, ամեն դեպքում չես ձերբազատվում այն մտքից, որ քաղաքն այլ գույների կարիք ունի։

Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը

Ստեփանակերտի միակ վառ կետը կենտրոնական շուկան է։ Այստեղ արդեն պետք է լարվես` տեղ–տեղ միախառնվող գունապնակից ինչ–որ գույն առանձնացնելու համար։ Որքան էլ տարօրինակ լինի, սա Ստեփանակերտի եզակի վայրերից է, որտեղ կարելի է համտեսել զուտ արցախյան ճաշատեսակներ, Արցախի խորհրդանիշ ժենգյալով հացը։ Բազմաթիվ սրճարանների ճաշացանկում ժենգյալով հաց, չգիտես ինչու, չկա, բայց բարյացակամ մատուցողները կհուշեն` կենտրոնական շուկայում աշխարհի ամենահամեղ ժենգյալով հացն են պատրաստում ձեր աչքի առաջ։

Արցախը հետաքրքրել է լիտվացիներին. ժենգյալով հացի մասին պատմում է հեղինակավոր կայքը

Ախորժալի բլիթներով վաճառասեղանները գտնվում են շուկայի մուտքի մոտ` ասես ընդգծելով, որ հենց այստեղ պետք է տեղի ունենա ձեր առաջին և գլխավոր գնումը։

Մոտենում եմ սեղանիկներից մեկին և ողջունում վաճառողուհուն։ Նա բարևում է, մեկ–երկու վայրկյան զննում ինձ և Արցախի բարբառով ասում.

– Շուտա՞նցա ստըղ։

– Ե՞ս, դե հենց նոր եմ եկել...

– Չէ, նկատի ունեմ առաջին անգա՞մ ես Ստեփանակերտում։

Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը

Սա երևի հոբելյանական հարյուրերորդ անգամն էր, երբ Արցախի բարբառով ինձ դիմելիս զրուցակիցս ասաց` նկատի ունեմ, իսկ հետո վերաձևակերպեց ասածը։ Ի՞նչ անեմ, դժվարությամբ եմ հասկանում նրանց բարբառը։

– Չէ, առաջին անգամ չի։ Բայց շուկայում առաջին անգամ եմ։ Եվ ժենգյալով հաց միայն Երևանում եմ կերել։

– Վայ, պեր ես քիզետի թազա պտատիմ, – ասես լսածից ապշած` առաջարկում է նա։

Պատմության մեջ առաջին անգամ Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կթխեն

– Բայց կերածս շատ համով էր։ Ինձ ասացին, որ դրա մեջ յոթ տեսակի կանաչի կա, – պատասխանում եմ ես` փորձելով ինչ–որ կերպ փրկել երևանյան ժենգյալով հացի հեղինակությունը։

– Պիտի 17 տեսակ լինի, – մի քիչ նեղացած ուղղում է ինձ վաճառողուհին։

Հետո սկսում է թվարկել բոլոր բաղադրիչների անունները, որոնցից մեկը` թրթնջուկը, ինձ զվարճացնում է, բայց փորձում եմ չժպտալ։

– Կներեք, իսկ ժենգյալով հացը մսով սարքո՞ւմ են։

Կինն այնպիսի արհամարհանքով է նայում ինձ` ոտքից գլուխ չափելով խիստ հայացքով, որ ես կծում եմ լեզուս։ Նա ինչ–որ բան է փնթփնթում, իբր ժենգյալով հացն ու փողոցի շաուրման տարբեր բաներ են ու սկսում է թխել հացը։ Նա այդ արարողությունն ուղեկցում է մեկնաբանություններով, անցկացնում է այսպես կոչված «լիկբեզ թեյնիկների համար» ժենգյալով հացի մասին։

– Ժենգյալով հացը սկսալըն թխել տարբեր երկրներում և քաղաքներում բազարումը իլած տարբեր կննչեղանավը։ Բայց կարելի՞ ա տի թխածը ժենգյալով հաց ասել։ Վեր տրա մեջին կա վեչ թրթնջուկ, վեչ էլ ճռճռուկ, տա էլ հի՞նչ ժենգյալով հաց։ Իսկական ժենգյալով հացին կննչեղանը մեր կոխկենա աճըմ։

Հետո կինը, երևի ինչ–որ բան հիշելով, սկսում է ծիծաղել քթի տակ։ Ասում է` մի անգամ լսել է, որ մեկը թարխունով է պատրաստել ժենգյալով հացը։

– Լավ ա` նանա չեն դրել, – կրկին ծիծաղոմ է նա ու սկսում հմտորեն կտրատել կանաչին։ Միաժամանակ փոքր թավայի մեջ տապակում է սոխը։

Հայաստանը միայն Ազնավուր ու Ցեղասպանություն չէ, կամ ֆրանսիահայ խոհարարն ու ժենգյալով հացը

– Բայց գուդումը՞ս վերնա ժենգյալով հացին պատմության առավելությունը։

– Ո՞րն ա։

– Դե յեղի, հլտըվաները սեփականացրալըն զուտ հայկական խորագնեն։ Խաշը սարքալըն գրուզինսկի, դոլման` ադրբեջանսկի։ Բայց ժենգյալով հացը վեշմին ձևի կարըմ չըն ուրանցը սարքին։

Ժենգյալով հացը վերջապես պատրաստ է, նա մեկնում է ինձ ու ժպտում։

– Եթե դուրդ գա, էլի արի։ Հինգերորդը զեղչով կտամ։

Պահում եմ տաք հացը, նայում կնոջը. ինչքան հեշտ մոռացավ, որ նեղացել է ինձանից` գլխովին ընկղմվելով սիրելի ճաշատեսակը պատրաստելու մեջ։

Իզուր չէ, որ Արցախում տարածված է կեսկատակ–կեսլուրջ նշանաբանը` «Խաղաղություն, ընկերություն, ժենգյալով հաց»։